ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 1994 թ. N 530
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի նոյեմբերի 10-ի «Բաց բաժնետիրական ընկերությունների ձևով առաջին հերթին սեփականաշնորհվող ձեռնարկությունների ցանկը հաստատելու մասին» N 96 որոշումը (ցանկը կցվում է):
2. Սահմանել, որ նշված ձեռնարկություններում բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվելու է 1995 թվականի մարտի 1-ից ոչ ուշ` սեփականաշնորհման սերտիֆիկատային աճուրդի ձևով:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) 10-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սեփականաշնորհվող բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի աճուրդի ձևով բաժանորդագրության մեթոդիկան.
բ) մինչև 1994 թվականի դեկտեմբերի 3-ը հրապարակել առաջին հերթին սեփականաշնորհվող 10 ձեռնարկությունների ցանկը, կցելով յուրաքանչյուր ձեռնարկության մասին անհրաժեշտ տեղեկատվություն` «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի պահանջներին համապատասխան.
գ) մինչև 1995 թվականի փետրվարի 20-ը նշված ձեռնարկությունները նախապատրաստել սեփականաշնորհման` «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին համապատասխան:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
Ց Ա Ն Կ
ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՈՎ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. «Կարին» ֆիրմա
2. Ռետինատեխնիկական իրերի գործարան
3. «Հայէլեկտրաապարատ» ԳԱՁ
4. Կոմպրեսորների գործարան
5. Պոմպերի գործարան
6. Ամրանների գործարան
7. «ԵրԱԶ» գործարան
8. Ա. Մյասնիկյանի անվան կահույքի ԱՄ
9. «Տոսպ» տրիկոտաժի ֆիրմայի գլխամասային ֆաբրիկա
10. Երևանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատ