Հոդված 17. ԱՊՐԱՆՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՊԱՌՈՂԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 17. ԱՊՐԱՆՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՊԱՌՈՂԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Սպառողն իրավունք ունի ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջները, եթե դրանք հայտնաբերվել են արտադրողի` սույն օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան սահմանած երաշխիքային ժամկետի կամ պիտանիության ժամկետի ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ պայմանագրով:
2. Այն ապրանքների նկատմամբ, որոնց համար երաշխիքային ժամկետներ կամ պիտանիության ժամկետներ սահմանված չեն, սպառողն իրավունք ունի ներկայացնել նշված պահանջները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
3. Ապրանքի երաշխիքային, ինչպես նաև ծառայության ժամկետները հաշվարկվում են ապրանքն սպառողին հանձնելու օրից սկսած: Եթե հանձնման օրը հնարավոր չէ որոշել, այդ ժամկետները հաշվարկվում են ապրանքի արտադրման օրից սկսած:
Սեզոնային ապրանքների համար (կոշիկ, հագուստ և այլն) այդ ժամկետները հաշվարկվում են համապատասխան սեզոնի սկսման պահից, որը որոշում է կառավարությունը:
Ապրանքները նմուշներով, փոստով վաճառելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրի կնքման պահը և ապրանքն սպառողին հանձնելու պահը չեն համընկնում, այդ ժամկետները հաշվարկվում են ապրանքն սպառողին հասցնելու օրից սկսած, իսկ եթե ապրանքը կարիք ունի տեղակայման (միացման) կամ հավաքման` տեղակայման (միացման) կամ հավաքման օրից սկսած: Եթե ապրանքը տեղ հասցնելու, տեղակայման (միացման) կամ հավաքման օրը հնարավոր չէ որոշել, ապա այդ ժամկետները հաշվարկվում են առուվաճառքի պայմանագրի կնքման օրից սկսած:
Ապրանքի պիտանիության ժամկետը որոշվում է ապրանքի արտադրման օրից հաշվարկված այն ժամանակահատվածով, որի ընթացքում այն պիտանի է օգտագործման համար կամ այն թվականով, մինչև երբ ապրանքը պիտանի է օգտագործման համար:
Ապրանքի պիտանիության ժամկետի տևողությունը պետք է համապատասխանի նորմատիվ փաստաթղթերով սահմանված ապրանքի անվտանգության պարտադիր պահանջներին:
4. Երաշխիքային ժամկետներ կարող են սահմանվել կոմպլեկտավորման արտադրատեսակների և հիմնական ապրանքի բաղկացուցիչ մասերի համար: Կոմպլեկտավորման արտադրատեսակների և բաղկացուցիչ մասերի երաշխիքային ժամկետները հաշվարկվում են նույն կարգով, ինչպես հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետը: Կոմպլեկտավորման արտադրատեսակների և հիմնական ապրանքի բաղկացուցիչ մասերի երաշխիքային ժամկետները չեն կարող հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետից պակաս լինել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրում:
Եթե պայմանագրով ապրանքի կոմպլեկտավորման արտադրատեսակների համար սահմանված է ավելի կարճ տևողությամբ երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի համար, սպառողն իրավունք ունի կոմպլեկտավորման արտադրատեսակների թերությունների հետ կապված պահանջները ներկայացնել հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի ընթացքում:
Եթե կոմպլեկտավորման արտադրատեսակների համար սահմանված է ավելի տևական երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետն է, ապա սպառողն իրավունք ունի կոմպլեկտավորման ապրանքի թերությունների նկատմամբ պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են այդ արտադրատեսակի երաշխիքային ժամկետում` անկախ հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետը լրանալուց:
5. Սույն հոդվածում նշված ժամկետները հասցվում են սպառողին ի գիտություն` սույն օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` ապրանքի մասին տեղեկատվությունում:
6. Արտադրողի մեղքով թույլ տրված ապրանքի էական խախտումների հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի արտադրողին պահանջ ներկայացնել ապրանքի թերության անհատույց վերացման մասին` արտադրողի կողմից ապրանքի համար սահմանված երաշխիքային ժամկետի ավարտից կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո: Նշված պահանջը կարող է ներկայացվել ապրանքի սահմանված ծառայության ժամկետի ընթացքում կամ ապրանքը հանձնելու օրից սկսած` տասը տարվա ընթացքում, եթե ապրանքի ծառայության ժամկետը սահմանված չէ: Եթե սպառողի կողմից այդպիսի պահանջի ներկայացման օրից սկսած` քսան օրվա ընթացքում, տվյալ պահանջը չի բավարարվում, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ արտադրողին ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված այլ պահանջներ: