Հոդված 1. Սույն օրենքի կիրառման ոլորտները և նպատակները
Հոդված 1. Սույն օրենքի կիրառման ոլորտները և նպատակները
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գովազդի ստեղծման և տարածման իրավական հիմքերը և նպատակ ունի`
ա) անհրաժեշտ պայմաններ ապահովել հասարակության, գովազդ սպառողների, գովազդատուների, գովազդ արտադրողների, գովազդակիրների շահերին համապատասխանող գովազդի ստեղծման և տարածման համար.
բ) կանխել գովազդի միջոցով սխալ տեղեկությունների տարածումը, որոնք կարող են վնաս պատճառել իրավաբանական և ֆիզիկական անձանց, նրանց պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին և քաղաքացիների շահերին.
գ) կանխել իրավաբանական և ֆիզիկական անձանց մոլորեցումը գովազդի միջոցով, եթե հարցը վերաբերում է ապրանքի, աշխատանքների, ծառայությունների (այսուհետև` ապրանք) որակին, պատրաստման բնույթին, եղանակին և տեղին, սպառողական հատկություններին, իրացման պայմաններին և այլ հատկանիշներին, ինչպես նաև գովազդատուի իրավունքներին.
դ) կանխել այն գովազդների տարածումը, որոնք անհարկի համեմատություններ են պարունակում այլ ապրանքների, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների ու դիրքի հետ.
ե) կանխել այն գովազդների տարածումը, որոնք առաջ են բերում ոտնձգություններ հասարակական արժեքների և բարոյականության համընդհանուր նորմերի նկատմամբ:
2. Սույն օրենքը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անկախ առաջացած հարաբերությունների մասնակիցների քաղաքացիությունից և բնակության վայրից:
3. Սույն օրենքը գործում է նաև Հայաստանի Հանրապետության այն իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք գովազդի միջոցով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրենց կատարած գործողություններով նպաստել են մրցակցության սահմանափակմանը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձանց մոլորեցմանը կամ այլ բացասական հետևանքներ են թողել Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում:
4. Սույն օրենքը չի կարգավորում քաղաքական գովազդի հետ կապված հարաբերությունները:
5. Սույն օրենքը չի տարածվում ֆիզիկական անձանց հայտարարությունների վրա, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ: