Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-10-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 13 · ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 88. ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2024-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 88. ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

1.1. (մասն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-259-Ն)

2. Եթե վարչական մարմնի իրականացրած վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը վարչական վարույթ իրականացնող մարմինն իրավասու է գումարի գանձման վերաբերյալ որոշումը կայացնելուց ոչ շուտ, քան 10 օր հետո ընդունելու պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում: Արգելանք դնելու մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է կատարման հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, բացառությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանք դնելու մասին որոշման: Արգելանքը դրվում է անհապաղ՝ պարտավոր անձի պարտավորությանը համարժեք գույքի վրա հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.1. Պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ կցելով որոշման ընդունման համար հիմք հանդիսացած ապացույցները:

3. Դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

4. Դրամական պահանջները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին սույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`

1) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.

2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման, և գանձման ենթակա գումարի չափը.

4) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը և ամսաթիվը.

5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը.

6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:

4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթերը կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել էլեկտրոնային եղանակով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Եթե վարչական մարմինը մինչև դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելը հետաձգել կամ տարաժամկետել է վարչական ակտի կատարումը, ապա գրության մեջ նշվում է դրա կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտը:

6. Գրությունը ստորագրում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձը:

(88-րդ հոդվածը խմբ. 05.12.13 ՀՕ-141-Ն, լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-249-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-182-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-259-Ն, փոփ., լրաց. 09.07.19 ՀՕ-132-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-304-Ն)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-180-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։