Հոդված 21. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները մշակույթի ոլորտում
Հոդված 21. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները մշակույթի ոլորտում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
1) ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը և հաստատում մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագիրը.
2) մշակույթի պահպանման, հանրահռչակման և զարգացման նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը.
3) օրենքով սահմանում է բնակչության որոշ խավերի համար (նախադպրոցական տարիքի երեխաներ, դպրոցականներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ժամկետային զինծառայողներ) մշակութային կազմակերպությունների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգ.
4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
5) մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները.
6) սահմանում է մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմները.
7) հաստատում է մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգերը.
8) հաստատում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը.
9) հաստատում է պետական մշակութային կազմակերպությունների աշխատողների (այդ թվում՝ ստեղծագործական) վերապատրաստման և ատեստավորման, դրա համապատասխան արդյունքի գրանցման դեպքում հավելավճարների (ելույթավճարների) տրամադրման, ինչպես նաև սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենշային կարգերը.
10) հաստատում է ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը.
11) սահմանում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մշակութային ծրագրերի և նախաձեռնությունների համաֆինանսավորման սկզբունքները, կարգը և չափորոշիչները։
(21-րդ հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-55-Ն, խմբ., լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)