Հոդված 32. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առանձին գործունեության ձևերի համաձայնեցումը
Հոդված 32. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առանձին գործունեության ձևերի համաձայնեցումը
1. Իրավասու մարմինները, կազմակերպությունները և անձինք ոստիկանության համաձայնությամբ կարող են իրականացնել`
ա) անմիջապես ճանապարհի վրա և դրա մոտ` դեպի ճանապարհ մուտք և ելք ունեցող կրպակների, գովազդային վահանակների և այլնի տեղադրումը.
բ) ծանրաքաշ, մեծ եզրաչափերով, ինչպես նաև վտանգավոր բեռի և չվնասազերծված տարայի փոխադրումը.
գ) ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող, ինչպես նաև ավտոգնացքի կազմում երկու և ավելի կցորդների հետ միասին շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
դ) տրանսպորտային միջոցի վերասարքավորումը և դրա կառուցվածքի փոփոխությունը.
ե) տրանսպորտային միջոցների արտադրությունը՝ նախագծման, փորձարկման և արտադրման փուլերում:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերից բացի, համապատասխան պաշտոնատար անձինք ոստիկանության և այլ իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնում են նաև՝
ա) ճանապարհային երթևեկության կազմակերպման և տեխնիկական միջոցների տեղադրման նախագծերը.
բ) ճանապարհի և դրա ինժեներական կառույցների շինարարության, վերակառուցման և վերանորոգման նախագծերը.
գ) ճանապարհային երթևեկությանը խոչընդոտող ցանկացած աշխատանքի կատարման ծրագրերը և (կամ) նախագծերը.
դ) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի դասավորությունը երթուղիներում և այդ երթուղիները.
ե) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասնագետների, վարորդ-հրահանգիչների և վարորդների պատրաստման ուսումնական ծրագրերը.
զ) այն ճանապարհների ցանկը, որտեղ թույլատրվում է ուսումնական վարումը.
է) ճանապարհի վրա հանրային, մարզական և այլ միջոցառումների անցկացումը:
3. Սույն հոդվածի երկրորդ մասի «է» կետում նշված միջոցառումների անցկացման թույլտվություն տալու դեպքում այն տվող մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը:
(32-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, 15.11.10 ՀՕ-171-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-99-Ն)