Հոդված 18.2. Տրանսպորտային միջոցների շահագործման արգելումը հաշվառման փաստաթուղթը վերցնելով կամ թվային հաշվառման փաստաթղթի գործողությունը կասեցնելով
Հոդված 18.2. Տրանսպորտային միջոցների շահագործման արգելումը հաշվառման փաստաթուղթը վերցնելով կամ թվային հաշվառման փաստաթղթի գործողությունը կասեցնելով
(վերնագիրը խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-257-Ն)
1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա», «ժբ» կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և վերցնել տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը, իսկ դրա թվային տարբերակի դեպքում՝ կասեցնել դրա գործողությունը:
2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու կամ թվային հաշվառման վկայագրի գործողությունը կասեցնելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր փաստաթուղթ` տեխնիկական զննություն անցնելու կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները կամ պայմանները վերացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար: Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Տրանսպորտային միջոցների շահագործումը տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելով կամ դրա թվային տարբերակի գործողությունը կասեցնելով արգելելու և ժամանակավոր փաստաթուղթ տալու դեպքում իրավասու պաշտոնատար անձը գրառում է կատարում վարչական իրավախախտման արձանագրության մեջ:
4. Տրանսպորտային միջոցի շահագործումը տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելով արգելելու հիմքերը վերացնելուց հետո թվային հաշվառման վկայագրի գործողությունն անմիջապես ապակասեցվում է, իսկ հաշվառման փաստաթուղթն անմիջապես վերադարձվում է տրանսպորտային միջոցի վարորդին, սեփականատիրոջը կամ սեփականատիրոջ ներկայացուցչին:
(18.2 -րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն, փոփ. 20.01.21 ՀՕ-58-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-257-Ն)
(03.07.25 ՀՕ-257-Ն օրենքն ունի անցումային դրույթ)