Հոդված 95
Հոդված 95.
Դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման մասին որոշումը
1. Դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաև սնանկության մասնագիտացումը: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:
2. Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուսով:
3. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկու թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված քանակի մեջ չեն հաշվարկվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված այն անձինք, որոնք իրենց նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել են անհամաձայնություն հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառով:
5. Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 10-ը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի տեղեկություններ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակի մասնագիտացման բաժինների:
6. Եթե մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հերթական համալրման անհրաժեշտության մասին հայտարարություն տալը դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար համապատասխան մասնագիտացման դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված քանակով: Եթե դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ տարվա համար համապատասխան մասնագիտացման դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապատասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում: (նախադասությունը հանվել է 25.03.20 ՀՕ-197-Ն):
7. Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրումը կատարվում է հերթական համալրման համար սահմանված կարգով՝ արտահերթ համալրման անհրաժեշտության մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում պահպանելով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:
(95-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ., լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)