Հոդված 19. ․1․ Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը
Հոդված 19․1․ Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը
1. Պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող է ստեղծվել Էթիկայի հանձնաժողով։
2. Նորընտիր Ազգային ժողովի առաջին Էթիկայի հանձնաժողովն ստեղծվում է առաջին նստաշրջանում, իսկ նոր Էթիկայի հանձնաժողովը, որպես կանոն, նախորդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, կամ նախորդ Էթիկայի հանձնաժողովի լուծարվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։
3. Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ կամ երկու տարի է:
4. Եթե նոր Էթիկայի հանձնաժողովն ստեղծվում է մինչև նախորդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտը, ապա այդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետն սկսվում է նախորդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտին հաջորդող օրվանից։
5. Էթիկայի հանձնաժողովը կարող է ունենալ զույգ թվով, բայց ոչ պակաս, քան վեց և ոչ ավելի, քան 12 անդամ։
6. Կառավարող և ընդդիմադիր խմբակցություններն ունեն Էթիկայի հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսին նշանակելու իրավունք՝ սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան։
7. Խմբակցությունները Էթիկայի հանձնաժողովում ունեն առնվազն մեկական անդամ նշանակելու իրավունք։ Եթե Ազգային ժողովն ունի մեկ կառավարող կամ մեկ ընդդիմադիր խմբակցություն, ապա այդ խմբակցությունն ունի համապատասխանաբար՝ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը հասանելիք մյուս տեղերում Էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու իրավունք։ Եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, ապա կառավարող և ընդդիմադիր խմբակցություններին հասանելիք մյուս տեղերում Էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու իրավունքը համապատասխանաբար՝ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունների միջև բաշխվում է հաջորդաբար՝ մեծաթվից փոքրաթիվ։ Բաշխումը կրկնվում է մինչև կառավարող և ընդդիմադիր խմբակցություններին հասանելիք վերջին տեղում Էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունքը որոշելը։ Հավասար թվով անդամներ ունենալու դեպքում Էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունքը համապատասխանաբար՝ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունների միջև որոշվում է հավասար թվով անդամներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ։
8. Կառավարող և ընդդիմադիր խմբակցություններն ունեն Էթիկայի հանձնաժողովի անդամների կազմից Էթիկայի հանձնաժողովի նախագահին և նրա տեղակալին հաջորդաբար նշանակելու իրավունք՝ սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերին համապատասխան։
9. Առաջին Էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունք ունեն կառավարող խմբակցությունները, իսկ նրա տեղակալին՝ ընդդիմադիր խմբակցությունները։ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի յուրաքանչյուր վեցերորդ ամսվա ավարտից հետո նշանակվում է Էթիկայի հանձնաժողովի նոր նախագահ և նախագահի նոր տեղակալ։ Եթե Էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահված է՝
1) ընդդիմադիր խմբակցություններին, ապա նախագահի տեղակալին նշանակելու իրավունքը վերապահվում է կառավարող խմբակցություններին․
2) կառավարող խմբակցություններին, ապա նախագահի տեղակալին նշանակելու իրավունքը վերապահվում է ընդդիմադիր խմբակցություններին։
10. Եթե Ազգային ժողովն ունի մեկ կառավարող կամ մեկ ընդդիմադիր խմբակցություն, ապա այդ խմբակցությունն ունի համապատասխանաբար՝ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը հասանելիք պաշտոններում Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու իրավունք։ Եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու իրավունքը համապատասխանաբար՝ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունների միջև բաշխվում է հաջորդաբար՝ մեծաթվից փոքրաթիվ։ Բաշխումը կրկնվում է մինչև Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետում կառավարող և ընդդիմադիր խմբակցություններին հասանելիք վերջին պաշտոնում Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու իրավունքը որոշելը։ Հավասար թվով անդամներ ունենալու դեպքում Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու իրավունքը համապատասխանաբար՝ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունների միջև որոշվում է հավասար թվով անդամներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ:
11. Էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը, գործունեության ժամկետը, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությանը վերապահված Էթիկայի հանձնաժողովի անդամի (անդամների) տեղը (տեղերը), ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետում Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությանը վերապահված Էթիկայի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնները սահմանվում են Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը։ Եթե ներկայացվել են մեկից ավելի նախագծեր, ապա դրանք քննարկվում են Կանոնակարգի 112-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։
12. Ազգային ժողովի նախագահը Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ: