Հոդված 11. Պատգամավորի գործունեության ապահովումը
Հոդված 11. Պատգամավորի գործունեության ապահովումը
1. Ազգային ժողովի նստավայրում պատգամավորին հատկացվում է կահավորված, տեխնիկական և կապի (այդ թվում՝ համակարգիչ, ինտերնետային կապ) միջոցներով հագեցված աշխատասենյակ, իսկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ խոսափողով և անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ:
2. Պատգամավորի գործունեության մասնագիտական սպասարկումն ապահովում են նրա օգնականները և Ազգային ժողովի աշխատակազմը:
3. Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝
1) նախապատրաստում է պատգամավորի կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.
2) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր.
3) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը՝ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար ապահովելով նաև տեսակապով հաղորդակցվելու հնարավորություն.
4) կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով ներկա լինել Ազգային ժողովի հանձնաժողովների հրապարակային նիստերին և խորհրդարանական լսումներին.
5) վարում է պատգամավորին ուղղված փաստաթղթերի գործավարությունը:
4. Պատգամավորի՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականը աշխատանքի է ընդունվում իր դիմումի համաձայն և պատգամավորի ներկայացմամբ՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով:
5. Պատգամավորի՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականը կարող է ազատվել աշխատանքից աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով, ինչպես նաև ազատվում է աշխատանքից պատգամավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում:
6. Իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական և կապի միջոցներից:
(11-րդ հոդվածը լրաց. 02.07.26 ՀՕ-277-Ն)