Հոդված 40. Հանձնաժողովներում հարցերի քննարկման կարգը
Հոդված 40. Հանձնաժողովներում հարցերի քննարկման կարգը
1. Հանձնաժողովները հարցերը քննարկում են իրենց նիստերում:
Հանձնաժողովների նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովների որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ՝ հրավիրված անձ):
2. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:
3. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:
Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
4. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի սույն օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
5. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
6. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:
Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք: Դռնբաց նիստի ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:
7. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
8. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:
9. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին: Հանձնաժողովի եզրակացության հիման վրա լիազորված մարմինը պարտավոր է եզրակացությունը կայացնելուն հաջորդող երկու օրվա ընթացքում կայացնել որոշում: Եթե նշված ժամկետում որոշում չի կայացվում, ապա լիազորված մարմնի որոշումը համարվում է հանձնաժողովի որոշումը, բացառությամբ սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված դեպքի:
10. Սույն հոդվածի պահանջների խախտումով կայացված հանձնաժողովի եզրակացություններն իրավաբանական ուժ չունեն:
(40-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-132-Ն)