Հոդված 29. Լիցենզիայի հայտի մերժումը
Հոդված 29. Լիցենզիայի հայտի մերժումը
1. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե՝
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
4) դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
5) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված են այլ դեպքեր:
2. Պարզ լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից՝ երեք օրվա ընթացքում:
Բարդ լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ժամկետում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Եթե սույն մասում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվանը հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
3. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:
5. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվանը հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:
Պարզ լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ լիցենզավորող մարմինը նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից երեք օրվա, իսկ բարդ լիցենզիայի դեպքում` 10 օրվա ընթացքում:
6. Սույն հոդվածով չնախատեսված հիմքերով լիցենզիայի հայտի մերժումն արգելվում է:
7. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:
(29-րդ հոդվածը խմբ. 15.12.05 ՀՕ-12-Ն)