Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 26.1. Դիտարկումների միջոցով վերահսկողության իրականացման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26.1. Դիտարկումների միջոցով վերահսկողության իրականացման կարգը

1. Դիտարկումն իրականացվում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման նպատակը, ուղղությունը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցերի շրջանակը: Դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը տրվում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի հիմնավորված զեկուցագրի հիման վրա:

2. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը նախքան դիտարկումն սկսելը ծանոթացման նպատակով ներկայացվում է դիտարկվող սուբյեկտին:

3. Դիտարկման ընթացքում՝

1) բնապահպանական օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում համապատասխան դիտարկվող սուբյեկտը պատշաճ ձևով նախազգուշացվում է բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին.

2) ելնելով իրավախախտման բնույթից՝ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով կասեցվում են դիտարկվող սուբյեկտի գործողությունները, եթե այդ գործողություններն անմիջական վնաս են հասցնում մարդու իրավունքներին և առողջությանը, պետության շահերին, ինչպես նաև շրջակա միջավայրին.

3) առգրավվում են ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների և բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված որսի, որսագործիքների, որսի գործիք համարվող այլ միջոցներ, որոնք տնօրինվում են սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով.

4) փորձաքննության համար վերցնում են փորձանմուշներ:

4. Յուրաքանչյուր դիտարկվող սուբյեկտում մեկ դիտարկման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան երկու անընդմեջ աշխատանքային օր: Դիտարկման ընթացքում վերցված նմուշների փորձաքննության անցկացման դեպքում դիտարկման տևողությունը կասեցվում է այդ փորձաքննության ժամկետով:

5. Դիտարկումից հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկվող սուբյեկտի անունը (անվանումը), խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ նաև բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել: Դիտարկվող սուբյեկտն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և առարկություններ կազմված արձանագրության վերաբերյալ:

6. Դիտարկման ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված խախտումները հայտնաբերելու դեպքում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ տարածքային բնապահպանական պետական տեսուչը պատշաճ ձևով նախազգուշացնում է համապատասխան դիտարկվող սուբյեկտին բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին՝ նշելով խախտման հետևանքները վերացնելու միջոցառումները, ներառյալ՝ դրանց կատարման ժամկետը:

7. Դիտարկվող սուբյեկտը նախազգուշացման հետ կապված միջոցառումների կատարման մասին պարտավոր է նախազգուշացման կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով տեղեկացնել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պաշտոնատար անձանց:

8. Նախազգուշացումից հետո սահմանված ժամկետում դիտարկվող սուբյեկտի կողմից խախտման հետևանքները չվերացվելը, կամ դրա վերաբերյալ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով չտեղեկացնելը հիմք է տվյալ դիտարկվող սուբյեկտում ստուգում իրականացնելու համար:

9. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն իր պաշտոնական կայքում պարտադիր տեղադրում, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին տրամադրում է յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում կատարված դիտարկումների վերաբերյալ հաշվետվությունը, որում նշվում են դիտարկվող սուբյեկտի անունը (անվանումը), իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), յուրաքանչյուր դիտարկվող սուբյեկտում իրականացված դիտարկման քանակի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև դիտարկման արդյունքները: Հաշվետվության ձևը սահմանվում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով:

10. Սույն հոդվածով սահմանված՝ դիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:

11. Դիտարկումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

(26.1-ին հոդվածը լրաց. 06.10.20 ՀՕ-452-Ն)

(06.10.20 ՀՕ-452-Ն օրենքն ունի եզրափակիչ և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։