Հոդված 13. Սահմանային պետական վերահսկողությունը
Հոդված 13. Սահմանային պետական վերահսկողությունը
1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման կամ վերաարտահանման կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը իր կազմում գործող տարածքային ստորաբաժանումների միջոցով:
1.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:
2. Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը և անասնաբուժական պետական հսկման ենթակա ապրանքները ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են համապատասխան երկրի լիազոր մարմնի կողմից տրված ապրանքի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Անվտանգությունը հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:
3. Ներմուծվող ապրանքի, բացառությամբ կենդանիների և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, փաստաթղթային ստուգումը, զննումը և (կամ) նմուշառումն իրականացվում են Կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությամբ սահմանված դեպքերում և կարգով:
4. Բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծումը թույլատրվում է բուսասանիտարական կանոնների պահանջներին դրանց համապատասխանությունը հավաստող՝ արտահանող երկրի լիազոր մարմնի տված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
5. Արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են լիազոր մարմնի կողմից հաստատված բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ցանկին համապատասխան:
6. Բուսասանիտարական հավաստագրի ձևը հաստատում է Կառավարությունը:
7. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծմանը, արտահանմանը, վերաարտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:
(13-րդ հոդվածը խմբ., փոփ. 17.12.14 ՀՕ-237-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, փոփ., լրաց. 06.07.22 ՀՕ-324-Ն)
(06.07.22 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)