ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հուլիսի 2026 թվականի N 168-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-140-Ն օրենքի 1-ին հոդվածով․
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի տեսակները, դրանց դրույքաչափերը սահմանելու մասին» N 194-Ն որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
« 1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար`
1) հիմնական շենքերի և շինությունների համար՝
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)` 15000
2) սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`
ա. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)` 30 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
բ. 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)` 100 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
գ. 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)` 200 000 դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
դ. 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար (բացառությամբ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների)` 1 000 000 դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար 1 000 000 դրամի հանրագումարի ու սույն ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,
դ1․ ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների համար՝ 1 հա (10000 քառակուսի մետր) ընդհանուր մակերեսի հաշվով՝ 400 հազար դրամի, իսկ այլ մակերեսի դեպքում՝ 1 հա-ի (10000 քառակուսի մետրի) հաշվով՝ 400 հազար դրամ գումարի նկատմամբ համամասնորեն հաշվարկված գումարի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը:
ե. Շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող գործակիցները`
Գոտի Գոտիականության գործակից
1-4 5.0
5-8 4.0
9-12 3.0
13-16 2.0
17-20 1.0
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Համայնքի ղեկավար` Ս. Միքայելյան
09 հուլիսի 2026 թ.
ք. Հրազդան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2026 թվական: