Հոդված 16. Տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրումը
Հոդված 16. Տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրումը
1. Նախաձեռնողը, որը մտադիր է իրականացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեություն համայնքում, որի վարչական սահմաններում իրականացվելու է նախատեսվող գործունեությունը, համայնքի ղեկավարին է ներկայացնում ծանուցում, որը ներառում է՝
1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
2) նախատեսվող գործունեության անվանումը` սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան, նպատակը, համառոտ նկարագիրը.
3) նախատեսվող գործունեության իրականացման վայրը:
2. Համայնքի ղեկավարը ծանուցումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կատարում է հանրության ծանուցում և ծանուցումից հետո՝ ոչ շուտ, քան 21-րդ և ոչ ուշ, քան 25-րդ աշխատանքային օրն իրականացնում է հանրային լսում ազդակիր բնակավայրում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ավագանին որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ, որը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին։
4. Համայնքի ղեկավարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համայնքի ավագանու որոշման կայացման օրվանից հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3-օրյա ժամկետում, լիազոր մարմնին և նախաձեռնողին է տրամադրում համայնքի ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները։
5. Մեկից ավելի համայնքներում լսումներ իրականացվելու դեպքում առնվազն մեկ համայնքի կողմից սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան անհամաձայնությունը համարվում է նախատեսվող գործունեության վերաբերյալ անհամաձայնություն։
6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից որոշում չկայացվելու դեպքում նախաձեռնողը փաստաթղթերի փաթեթը կարող է փորձաքննության ներկայացնել առանց համայնքի ավագանու նախնական համաձայնության։
(16-րդ հոդվածը փոփ. 18.06.26 ՀՕ-248-Ն)
(18.06.26 ՀՕ-248-Ն օրենքն ունի անցումային դրույթ)