Հոդված 21. ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները
Հոդված 21. ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները
(վերնագիրը խմբ. 18.06.26 ՀՕ-248-Ն)
1. Գյուղատնտեսության, անտառտնտեսության, ձկնաբուծության, էներգետիկայի, արդյունաբերական ճյուղերի, ընդերքօգտագործման, տրանսպորտի, տարածքային զարգացման, թափոնների գործածության, ջրային տնտեսության, կապի, զբոսաշրջության, քաղաքաշինության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության, եթե դրանք սահմանում են «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին հավելվածով թվարկված նախագծերի հետագա իրագործման հիմքեր կամ 2-րդ հավելվածում թվարկված այն նախագծերի հետագա իրագործման հիմքեր, որոնք, սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:
2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված, բայց սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների հետագա իրագործման հիմքեր սահմանող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:
3. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված և բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:
4. Լիազոր մարմինը, հիմնվելով նախաձեռնողի և առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքների վրա, որոշում է նաև, թե արդյոք տեղական մակարդակով փոքր տարածքների օգտագործումը և հիմնադրույթային փաստաթղթերի աննշան փոփոխությունները ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:
5. ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա չեն ֆինանսական կամ բյուջետային բնույթի հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև այն հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնց միակ նպատակը ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, քաղաքացիական արտակարգ իրավիճակներին ծառայելն է:
(21-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-25-Ն, խմբ. 18.06.26 ՀՕ-248-Ն)
(18.06.26 ՀՕ-248-Ն օրենքն ունի անցումային դրույթ)