Հոդված 8. ․ Օրենքի 75․1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 8․ Օրենքի 75․1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետևյալ հերթականությամբ․
առաջին հերթին՝ լուծարային հանձնաժողովի անդամների կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձը, ինչպես նաև «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված հատուկ ղեկավարի (ղեկավարության) աշխատավարձը, լիազորությունների իրականացման համար ծախսերը և բանկի վերակառուցման գործընթացի շրջանակում անկախ գնահատման հետ կապված ծախսերը.
երկրորդ հերթին՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց բանկային ավանդները և բանկային հաշիվներին առկա մնացորդները: Մեկ անձի՝ բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ.
երրորդ հերթին՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ բանկի վերակառուցման մասին որոշումը կայացնելուց հետո ծագած՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամի պահանջները.
չորրորդ հերթին՝ հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ հերթերում չընդգրկված՝ բանկի այլ պարտավորությունները.
հինգերորդ հերթին՝ վեցերորդ և յոթերորդ հերթերում չներառված՝ ստորադաս փոխառությունների տրամադրման արդյունքում ձևավորված պահանջները.
վեցերորդ հերթին՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի և վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների հիմնական տնտեսական նորմատիվի հաշվարկում ներառվող՝ վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների արդյունքում ձևավորված պահանջները.
յոթերորդ՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտի համաձայն՝ բանկի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող պարտավորությունների արդյունքում ձևավորված պահանջները.
ութերորդ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված դեպքերում կամ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտի համաձայն՝ բանկի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող պարտավորությունների՝ կապիտալի փոխարկման արդյունքում բանկի մասնակից դարձած անձանց պահանջները՝ ըստ փոխարկման հաջորդականության.
իններորդ` ֆինանսական կազմակերպության մասնակիցների պահանջները:
Սույն մասով սահմանված՝ բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ, երրորդ և հինգերորդ հերթերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի մասնակիցները և բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են վեցերորդ հերթին:
Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ, բացառությամբ ութերորդ հերթում ընդգրկված պահանջների:
Միևնույն հերթի պարտատերերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարվելուց հետո:»: