Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Խաղային գործունեության կազմակերպման ընդհանուր սահմանափակումները

1. Արգելվում է՝

1) Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը, նման մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի հասանելիությունը, ինչպես նաև չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում.

2) Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված վճարային ծառայություններ մատուցողների կողմից Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված խաղային կազմակերպիչների օգտին վճարների կատարումը՝ համապատասխան քարտային համակարգի կողմից սահմանված խաղային բիզնես գործունեության նույնականացման ծածկագրի` առևտրային կազմակերպությունների գործունեության կոդի (MCC (Merchant Category Code)) միջոցով:

2. Կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման կարգը և ժամկետները, ինչպես նաև սահմանում է արգելափակման ենթակա կայքերի ցանկի վարման, հաստատման և պետական մարմիններին և այլ կազմակերպություններին հասանելիության տրամադրման կարգը:

3. Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերը ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի, ինչպես նաև դրանց պատկանող բոլոր ապրանքային նշանների միջոցով խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման և փոխանցման գործարքները ենթակա են սահմանափակման Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից՝ Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում և խաղային բիզնես գործունեության նույնականացման ծածկագրի (MCC ծածկագրի) միջոցով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտման դեպքում Վերահսկող մարմինը ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների նկատմամբ կիրառում է պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:

5. Արգելվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում օպերատորի մոնիտորինգային կենտրոնին չմիացված կամ սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ չունեցող խաղային արտադրանքներով խաղային գործունեության կազմակերպումը:

6. Արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերի, դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումն այն անձանց կողմից, որոնք չունեն սույն օրենքով սահմանված խաղային գործունեության համապատասխան լիցենզիա:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։