Հոդված 11. Ոստիկանության պարտականությունները հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելիս
Հոդված 11. Ոստիկանության պարտականությունները հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելիս
Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`
1) կանխել և խափանել հանցագործություններն ու այլ իրավախախտումները, բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ.
2) ձեռնարկել միջոցներ հանցագործությունները հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ.
3) հարուցել քրեական գործեր, իրականացնել անհետաձգելի քննչական գործողություններ` հանցագործություն կատարած անձանց և հանցագործության հետքերը հայտնաբերելու, ամրապնդելու, հանցագործությունը բացահայտելու նպատակով.
4) հարուցված քրեական գործերով իրականացնել կասկածյալի ձերբակալում և օրենքով նախատեսված այլ գործողություններ, միջոցներ ձեռնարկել հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ.
5) հայտնաբերել հանցագործություն կատարած և հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից թաքնվող, քրեական պատասխանատվությունից, պատիժը կրելուց խուսափող անձանց, անհայտ կորած անձանց, օրենքով նախատեսված դեպքերում` այլ անձանց, ինչպես նաև հափշտակված գույքը.
6) իրականացնել`
ա) վարչական իրավախախտումների դեպքերով գործերի վարույթ և վարչական ձերբակալում,
բ) քննությունից, դատից, պատիժը կրելուց խուսափող անձանց ու հափշտակված գույքի հետախուզում,
գ) պետական և հասարակական մարմինների հետ համապատասխան միջոցառումներ` առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու և անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ.
7) աջակցել`
ա) պատգամավորներին, պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս, եթե առանձին քաղաքացիներ չեն ենթարկվում այդ անձանց օրինական պահանջներին կամ խոչընդոտում են նրանց պաշտոնեական գործունեության իրականացմանը,
բ) ազգային անվտանգության մարմիններին` պետական իշխանության դեմ ուղղված ծանր հանցագործությունների դեմ պայքարելիս և ազգային անվտանգությանն ուղղված այլ միջոցառումներ իրականացնելիս,
գ) զինվորական կոմիսարիատներին` զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր իրականացնելիս,
դ) դատախազությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին` իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս.
ե) քրեական վարույթն իրականացնող մարմիններին՝ քննչական և դատավարական գործողությունների կատարման ընթացքում։
Ոստիկանությունը պարտավոր է Կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք, պահպանել հանցագործության դեպքի վայրը:
Ոստիկանությունն իրականացնում է նաև օրենքով սահմանված այլ պարտականություններ:
(11-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 19.05.14 ՀՕ-34-Ն, լրաց. 01.03.18 ՀՕ-129-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-295-Ն)