Հոդված 27. Իրավունքի պետական գրանցման իրականացումը
Հոդված 27. Իրավունքի պետական գրանցման իրականացումը
1. Դիմումը մուտքագրվելուց հետո գրանցող մարմինն ուսումնասիրում է իրավունքի պետական գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերը և սույն օրենքով նախատեսված պետական գրանցման վարույթի կասեցման, դադարեցման կամ պետական գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում կատարում է իրավունքի պետական գրանցում սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տվյալները մատյանում գրառելու միջոցով:
2. Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները համարվում են գրանցված գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից:
3. Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական (այսուհետ՝ գրանցման վկայական), որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը:
4. Գրանցման վկայականում պետք է նշված լինեն`
1) գրանցված իրավունքի սուբյեկտների անունները (անվանումները).
2) անշարժ գույքի միավորը նույնականացնող տեղեկություններ, որոնք ընդգրկում են հողամասի, շինությունների կադաստրային ծածկագրերը, մակերեսները, հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը կամ հողատեսքը, շինությունների նպատակային նշանակությունը.
3) անշարժ գույքի միավորի հասցեն, իսկ գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում` համայնքի (առկայության դեպքում` նաև տեղանքի) անվանումը.
4) պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերը.
5) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով սահմանված՝ տվյալ իրավունքի պետական գրանցման ընթացքում կատարված գրառումները:
5. Գրանցման վկայականի ձևը և դրանում տվյալների լրացման առանձնահատկությունները սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:
6. Պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին ձեռք բերված իրավունքները գրանցվում են համապատասխան ներդրումային ֆոնդի կառավարչի անվանմամբ (գրանցման վկայականում նշվում է տվյալ ներդրումային ֆոնդի կառավարչի անվանումը)` հիշատակելով, որ նա տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչն է և հանդես է գալիս գրանցված իրավունքի սուբյեկտների (ներդրումային ֆոնդի մասնակիցների) անունից: Պայմանագրային ֆոնդի մասնակիցների կազմի փոփոխությունը չի հանգեցնում գրանցման վկայականում փոփոխությունների կատարման անհրաժեշտության:
7. Դիմողի ներկայացրած գրանցման վկայականում գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրվում է նոր գրանցման վկայական:
8. Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը գրանցված իրավունքի սուբյեկտի կամ նրա կողմից լիազորված անձի, իսկ սուբյեկտի մահվան դեպքում՝ նոտարի պահանջով փոխարինվում է նոր գրանցման վկայականով՝ պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով, եթե նույնիսկ չի առաջանում սույն հոդվածի 7-րդ մասում նշված գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտություն:
(27-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-217-Ն, 01.07.19 ՀՕ-105-Ն)