Հոդված 34. Ժողովի մասին ծանուցումը
Հոդված 34. Ժողովի մասին ծանուցումը
1. Ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին և պարտապանին կառավարիչը պետք է պատշաճ ծանուցի:
Ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով կամ հանձնվում է ստացականով, իսկ պարտատերերի առաջին ժողովի մասին նաև պատվիրված նամակով ծանուցում է այն քաղաքացիներին, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար (առկայության դեպքում):
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու կամ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձի ծանուցումն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող (խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) պարտատերերի համար պատշաճ ծանուցում է համարվում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված հայտարարությունը:
2. Ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք պետք է ծանուցվեն ոչ ուշ, քան ժողովի հրավիրման օրվանից 3 օր առաջ, իսկ սույն հոդվածի առաջին մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում հայտարարությունը պետք է հրապարակվի ժողովի հրավիրման օրվանից 5 օր առաջ:
3. Առկա ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`
ա) պարտապանի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրի հասցեն.
բ) սնանկության գործի համարը․
գ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրի հասցեն.
դ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, քվեարկության դրվող հարցերի բովանդակությունը.
ե) ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին ծանոթանալու կարգը.
զ) ժողովի մասնակիցների գրանցման կարգը։
4. Էլեկտրոնային կապի այլ միջոցների կիրառմամբ հեռավար ժողովի անցկացման մասին ծանուցումը պետք է պարունակի՝
ա) պարտապանի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրի հասցեն.
բ) սնանկության գործի համարը․
գ) պարտատերերի հաշվառման կարգը և վերջնաժամկետը (միայն առաջին ժողովի դեպքում).
դ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, քվեարկության դրվող հարցերի բովանդակությունը.
ե) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամանակը:
5. Գրավոր հարցումների եղանակով անցկացվող ժողովի վերաբերյալ ծանուցումը, բացի սույն հոդվածի 4-րդ մասի «ա»-«դ» կետերում նշված պահանջներից, պետք է պարունակի նաև օրակարգի հարցերին առնչվող նյութերը և քվեաթերթիկը, որի վրա պետք է նշված լինեն լրացված քվեաթերթիկները կառավարչին ուղարկելու կարգը և վերջնաժամկետը:
(34-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-143-Ն, լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, լրաց., խմբ. 16.01.24 ՀՕ-27-Ն)
(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)