Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-12-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 42. Պահանջների հաշվառումը և հաշվարկումը

գործել է մինչև 2025-12-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 42. Պահանջների հաշվառումը և հաշվարկումը

1. Կառավարիչն իր վարած գրանցամատյանում հաշվառում է պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների չափերը, առաջնահերթությունը, պահանջների փոփոխությունները։ Պարտատերերի պահանջների գրանցամատյանի վավերապայմանները և վարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

(42-րդ հոդվածը փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն, խմբ. 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 43. Ապահովված պահանջները և դրանց բավարարումը

(վերնագիրը խմբ. 23.06.11 ՀՕ-235-Ն)

1. Ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

2. Ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին: Այդ դեպքում ապահովված պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ: Ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման հաշվին ապահովված պարտատիրոջ բավարարված պահանջը չի հաշվարկվում կառավարչի վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բավարարման չափի մեջ:

3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում` ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում ապահովված պարտատերը սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումն ստանում է սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:

4. Եթե ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում, ապա նա իր ապահովված պահանջների բավարարումը ստանում է սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:

5. Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը կարող է պահանջել` ապահովված պարտավորությունը առաջնահերթ կերպով բավարարել ապահովված իրավունքի առարկայի վաճառքից ստացված միջոցների հաշվին:

6. Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի ընթացիկ արժեքը (գնահատված արժեքը կամ ընթացող աճուրդների մեկնարկային գինը) ավելի է ապահովված պարտատիրոջ պահանջից կամ հավասար է դրան, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի: Եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մասնակցելու իրավունք՝ ապահովված պահանջի չափի և գույքի արժեքի տարբերության չափով:

7. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:

8. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները գերազանցում են համապատասխան ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մասով այդ միջոցների նկատմամբ տարածվում է մորատորիում, և այդ միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ եթե ապահովված իրավունքի առարկան այլ անձի սեփականություն է` փոխանցվում են այդ անձին:

9. Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու ապահովված իրավունքի առարկան` փոխհատուցելով այդ ապահովված իրավունքի առարկայի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գնի երեք տոկոսի, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում ապահովված իրավունքի առարկայի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

10. Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերը.

2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

10.1. Պարտատիրոջ և երրորդ անձ գրավատուի կողմից համապատասխանաբար սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով սահմանված իրավունքներից օգտվելու ցանկություն հայտնելու դեպքում առաջնահերթությունը տրվում է երրորդ անձ գրավատուին:

10.2. Եթե պարտապանը և երրորդ անձ գրավատուն ճանաչվել են սնանկ, ապա սույն հոդվածի 10-րդ մասում նշված գույքի իրացումը կատարվում է պարտապանի սնանկության վարույթում, իսկ եթե գույքը ծանրաբեռնված է տարբեր պարտապանների սնանկության վարույթներով ապահովված պահանջներով, ապա այն իրացվում է սնանկության այն վարույթում, որտեղ այդ գույքով ապահովված իրավունքն առաջնային է: Սնանկության որևէ վարույթում գույքի իրացվելուց և ապահովված պահանջները բավարարելուց հետո պահանջների չափի և գույքի իրացման արժեքի տարբերությունը փոխանցվում է երրորդ անձի սնանկության վարույթի հատուկ հաշվին:

10.3. Եթե պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու, ապա կառավարիչը այդ մասին տեղեկանալու օրվանից հնգօրյա ժամկետում ծանուցում է այդ գրավով գրավառուին պարտապանի չմարված պարտավորությունների մասին: Գրավառուի կողմից գրավի առարկան իրացնելու իրավունքից չօգտվելու և գրավի առարկան սնանկության վարույթում իրացվելու դեպքում գրավի առարկան համարվում է գրավառուի պարտավորություններով ծանրաբեռնված նույն պայմաններով, որոնք առկա էին մինչև այդ առարկայի իրացումը:

10.4. Երրորդ անձ գրավատուն, երաշխավորը կամ երաշխիք տվող անձը համապատասխան պահանջի մասով ունեն պարտապանի համար սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները:

11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ:

(43-րդ հոդվածը խմբ. 23.06.11 ՀՕ-235-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն, լրաց., խմբ., փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն, փոփ. 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 44. Չապահովված պահանջները

Գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված, ինչպես նաև ապահովված իրավունքով չծանրաբեռնված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը համարվում են չապահովված պահանջներ, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջները և պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, որոնց առաջնահերթությունը սահմանված է սույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասով:

(44-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-298-Ն, լրաց. 16.01.24 ՀՕ-22-Ն)

&#9878Հոդված 45. Կատարման ժամկետը չլրացած պարտավորությունները

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` 2 ամսվա ընթացքում, կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ կարող են լուծվել պարտապանի կողմից կնքված և կատարման ժամկետը չլրացած պայմանագրերը, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել, ներառյալ` պարտապանի գույքի և ակտիվների վրա էականորեն ազդող այն պայմանագրերը, որոնք պարտապանը ստիպված կնքել է ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը: Նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում գործում են մինչև պարտապանի գործունեության կասեցումը, որից հետո համարվում են լուծված:

2. Պայմանագրի լուծման դեպքում մինչև լուծման պահը կատարում ստացած կողմը պարտավոր է հատուցել չվճարված մասը` պայմանագրով որոշված գնով:

(45-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 46. Պահանջների հաստատումը

1. Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

1.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված միջնորդության առկայության և պարտատիրոջ կողմից սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով պահանջ ներկայացվելու դեպքում դատարանը դիտարկում է միայն այդ պահանջը:

2. Պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`

ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`

- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,

- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.

բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.

գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը: Պահանջը ներկայացնելու ժամկետից հետո պահանջը հիմնավորող փաստաթղթեր կարող են ներկայացվել, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում նման փաստաթուղթ ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

Պահանջը և նրանց կից փաստաթղթերը ներկայացվում են 3 օրինակից:

2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: Դատարանը թերությունները վերացնելու համար սահմանում է մինչև եռօրյա ժամկետ: Թերությունները վերացվելու և դատարանի կողմից սահմանված ժամկետում պահանջը դատարան կրկին ներկայացվելու դեպքում այն համարվում է ժամկետում ներկայացված:

3. Պահանջը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում գրանցվում է դատարանում:

4. Պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատարանը պահանջի և նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին` դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2.1-ին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` սույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան:

6. Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, իսկ դատարանի կողմից թերությունների վերացման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում՝ այդ ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

7. (մասն ուժը կորցրել է 12.12.19 ՀՕ-294-Ն)

8. Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

9. Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները և պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:

Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` սույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան, բացառությամբ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջների, որոնց առաջնահերթությունը սահմանված է սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասով:

10. Եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը, ըստ անհրաժեշտության՝ փոփոխություն կատարելով պահանջի վերաբերյալ կայացված դատական ակտում:

Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

11. Սույն հոդվածով նախատեսված առարկությունները դրանք ներկայացնելու ժամկետի ավարտից հետո ներկայացվելու և ժամկետի բացթողումը հարգելի ճանաչվելու դեպքերում քննարկվում են դատարանի կողմից: Առարկությունները քննարկելուց հետո դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը` ըստ անհրաժեշտության փոփոխություն կատարելով պահանջի վերաբերյալ կայացված դատական ակտում:

(46-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, լրաց., խմբ., փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն, լրաց., փոփ. 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։