Հոդված 3. Պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները
Հոդված 3. Պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները
1. Պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
2. Պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է, նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ: Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը.
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը).
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը).
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը:
3. Պարտապանն անվճարունակ է, եթե առկա է ստորև նախատեսված հիմքերից մեկը`
ա) պարտապանի պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն): Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել.
բ) պարտապանն ի վիճակի չէ կատարելու իր ժամկետանց դրամական պարտավորությունները (փաստացի անվճարունակություն):
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր չհամարվող ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունները սույն օրենքի իմաստով համարվում են պարտավորություն, եթե համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների` դրանք ենթակա են կատարման նրա հաշվին` ամբողջությամբ կամ համապատասխան ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում` վերջին դեպքում չբավարարող մասով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր համարվող ֆոնդի կառավարիչը համարվում է անվճարունակ նաև այն դեպքում, եթե իր կողմից կառավարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին կատարման ոչ ենթակա պարտավորությունները գերազանցում են ֆոնդի կառավարչի այն ակտիվների արժեքը, որոնք իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներ չեն:
(3-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «…նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցության մասով, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի պահանջներին հակասող և անվավեր 25.02.2008 ՍԴՈ-735 որոշմամբ)
(3-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-67-Ն)