Հոդված 153. Բնակելի տարածություն կամ ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը
Հոդված 153. Բնակելի տարածություն կամ ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը
Բնակելի տարածություն կամ ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(153-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
⚖Հոդված 154. Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելը
(վերնագիրը խմբ. 16.12.21 ՀՕ-401-Ն)
1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2. Գյուղական բնակավայրերում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
(154-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-192-Ն, 16.12.21 ՀՕ-401-Ն)
⚖Հոդված 154.1. Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը
Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի տասը տոկոսի չափով:
(154.1- րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-496-Ն)