Հոդված 22. Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները
Հոդված 22. Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները
Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.
բ) հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով.
գ) հայցվորները` խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.
դ) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակիուղղ. և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.
ե) հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.
զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)
է) հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով.
ը) («ը» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)
թ) ոչ առևտրային կազմակերպըություններ և ֆիզիկական անձինք`
- գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով.
- երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով.
- դատարանների վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով.
- դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև հարկադիր կատարողների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով.
- տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանների որոշումների դեմ գանգատներով, դատարանների որոշումների դեմ մյուս գանգատներով.
- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով.
- մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.
ժ) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.
ժա) («ժա» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)
ժբ) («ժբ» ենթակետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-27-Ն)
ժգ) վճռաբեկ գանգատ տվող անձի կողմից դատավարության ընթացքում հանդես եկած դատավարության մասնակիցները և երրորդ անձինք` գանգատին միանալու վերաբերյալ հայցերով.
ժդ) դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով.
ժե) դիմողները՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումներով.
ժզ) փախստականի կարգավիճակ հայցողները՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի մերժումը բողոքարկելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.
ժէ) փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.
ժը) հոգեբուժական հաստատությունները՝ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.
ժթ) դատական ակտերի հարկադիր կատարողները` - կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով,
- օրենքով սահմանված դեպքերում պարտապանին անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներով.
ի) ժամանակավոր ադմինիստրացիայի (վարչակազմի) ղեկավարը և լուծարային կառավարիչը` «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց խնդիրներն իրագործելու նպատակով ներկայացվող հայցերով.
իա) պարտապանը` սեփական անվճարունակությունը (սնանկությունը) ճանաչելու համար ներկայացվող հայցադիմումներով.
իբ) դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով.
իգ) մարդու իրավունքների պաշտպանը` իր կողմից ներկայացվող հայցերով.
իդ) հայցվորները` պետական նպաստների, այդ թվում` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման, գումարների բռնագանձման վերաբերյալ հայցերով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցի համար պետական տուրք չի գանձվում:
(4-րդ մասն ուժը կորցրել է 07.04.09 ՀՕ-84-Ն)
(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.12.98 ՀՕ-277, 12.10.99 ՀՕ-4, 13.12.00 ՀՕ-123, լրաց. 06.11.01 ՀՕ-258, խմբ., լրաց. 07.07.05 ՀՕ-159-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-116-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-282-Ն, լրաց. 27.11.08 ՀՕ-220-Ն, փոփ. 07.04.09 ՀՕ-84-Ն)
(22-րդ հոդվածի առաջին մասը, այնքանով, որքանով չի սահմանում, այլ սուբյեկտներից բացի, արդարացվածին` իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերով պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ արտոնություն նախատեսող դրույթ` արգելափակելով անձի սահմանադրական իրավունքի իրացումը, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասին և 20-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող և անվավեր 14.12.2010 ՍԴՈ-929 որոշմամբ)