Հոդված 16. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼԸ և ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 16. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼԸ և ԱԶԱՏԵԼԸ
1. Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող՝ Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
1.1. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են մրցույթով:
1.2. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Հարցազրույցի ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է:
1.3. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցները հարցազրույցի ժամանակ մրցութային հանձնաժողով են ներկայացնում համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը:
1.4. Պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
1.5. Մինչև գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը և անցկացնելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձի կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ գործադիր մարմնի տեղակալին մինչև վեց ամիս ժամկետով:
1.6. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ՝ սույն հոդվածի 1.5-րդ մասով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով:
1.7. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել տվյալ պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները բավարարող անձը:
1.8. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը, պահպանելով սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում որոշակի ժամկետով կատարում է նշանակում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի՝
ա) հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում.
բ) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.
գ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
դ) իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.
ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`
ա) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
բ) որին օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.
գ) որը նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
3. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե`
ա) նա դիմում է այդ մասին.
բ) լրացել է նրա 65 տարին.
գ) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
ե) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի.
զ) նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ առաջ են եկել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանգամանքները.
է) նա իր գործառույթներն իրականացնելիս պետական կազմակերպությանը կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մեկ տոկոսը.
ը) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
թ) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
ժ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
ժա) դատական կարգով նրա ղեկավարած պետական կազմակերպությունը ճանաչվել է սնանկ, կամ այն ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն.
ժբ) պետական կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարները իր մեղքով` սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել.
ժգ) մեկ տարվա ընթացքում օրենսդրության խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության.
ժդ) առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր:
4. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:
5. Սույն հոդվածի 3-րդ կետի «բ», «գ», «ը», «թ», «ժ», «ժբ» և «ժգ» ենթակետերով նախատեսված դեպքերում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությունը տեղի ունենալու կամ համապատասխան որոշումը, վճիռը կամ դատավճիռն ուժի մեջ մտնելու հաջորդող օրը:
Սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են դիմումում նշանակված օրվանից:
Սույն հոդվածի 4-րդ կետում նախատեսված դեպքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են մահվան պահից:
Սույն հոդվածի 3-րդ կետի այլ ենթակետերով նախատեսված դեպքերում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում:
6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրություններն իրականացվում են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության գործադիր մարմնի պաշտոնում ընտրությունը (նշանակումը) իրականացվում է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերին համապատասխան:
8. Հանրակրթության ոլորտի պետական ուսումնական հաստատության գործադիր մարմնի պաշտոնում ընտրությունը (նշանակումը) իրականացվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերին համապատասխան:
(16-րդ հոդվածը լրաց. 04.06.02 ՀՕ-357-Ն, 04.02.04 ՀՕ-33-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-227-Ն, 05.02.13 ՀՕ-1-Ն, խմբ., լրաց., փոփ. 09.12.20 ՀՕ-490-Ն, լրաց. 01.07.21 ՀՕ-287-Ն, խմբ. 10.12.21 ՀՕ-392-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-174-Ն)