Հոդված 21. Պետական ծառայողի ատեստավորումը
Հոդված 21. Պետական ծառայողի ատեստավորումը
1. Յուրաքանչյուր տարի պետական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
2. Պետական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:
3. Պետական ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Պետական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի գրավոր պատճառաբանված որոշման հիման վրա:
5. Ատեստավորումն անցկացվում է պետական ծառայողի անմիջական մասնակցությամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն՝
1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող պետական ծառայողները.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները.
3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած պետական ծառայողները վերադառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի անց:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ պետական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Սույն մասի 1-ին կետը չի տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածով և սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:
7. Ատեստավորման ենթակա պետական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է պետական ծառայողի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ պետական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում պետական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:
Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածում պետական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից՝ ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածի երկու երրորդից ավելին, ապա պետական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
Պետական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել պետական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.
1) փաստաթղթային.
2) թեստավորման և հարցազրույցի:
10. Պետական ծառայողի ատեստավորումն անցկացնում է սույն oրենքով սահմանված կարգով ստեղծված ատեստավորման հանձնաժողովը:
11. Այն պետական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն պետական ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:
Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր պետական ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի չորրորդ պարբերության 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի չորրորդ պարբերության 2-րդ կետով նախատեսված որոշումը:
Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:
12. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն պետական ծառայողները՝
1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 11-րդ մասի չորրորդ պարբերության 2-րդ կետով նախատեսված որոշումը:
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:
13. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է ատեստավորման հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար:
14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը պետական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:
15. Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պետական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
16. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: