Հոդված 45.1. ՎՆԱՍԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 45.1. ՎՆԱՍԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Մաքսային ծառայողի պատճառած վնասի գանձումը, որի չափը չի գերազանցում նրա ամսական միջին դրամական բավարարման չափը, կատարվում է վերադաս մաքսային մարմնի հրամանով:
Եթե պատճառված վնասը գերազանցում է մաքսային ծառայողի ամսական միջին դրամական բավարարման չափը, և նա հրաժարվում է կամովին վճարելուց, ապա դա գանձվում է դատական կարգով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով:
(45.1-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն)
ՀՈԴՎԱԾ 46. ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
1. Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովը, վերադաս մաքսային մարմնի սահմանած կանոնադրությանը համապատասխան, անցկացնում է ծառայողական քննություններ և դրանց արդյունքների վերաբերյալ վերադաս մաքսային մարմնի ղեկավարին ներկայացնում է եզրակացություններ:
1.1. Ծառայողական քննությունը սույն օրենքով և վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացվող գործունեություն է, որի խնդիրներն են`
1) բացահայտել կարգապահական իրավախախտում կատարած մաքսային ծառայողին.
2) ապացուցել նրա մեղավորությունը կարգապահական իրավախախտման մեջ.
3) հայտնաբերել կարգապահական իրավախախտում ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները և միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:
2. Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:
(46-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն)