Հոդված 2. Ընդհանուր ընտրական իրավունքը
Հոդված 2. Ընդհանուր ընտրական իրավունքը
1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (այսուհետ` քվեարկության օրը) 18 տարին լրացած, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`
1) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
2) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող՝ սույն մասի 1-ին կետով սահմանված ժամկետում՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը բավարարող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված.
3) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ սույն մասի 1-ին կետով սահմանված ժամկետում՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով փաստացի գտնվելու պահանջը բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիություն չունեցող ընտրող):
2․1. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ժամկետում չեն ներառվում այն դեպքերը, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի՝ դիվանագիտական ծառայություն անցնող անձի հետ արտերկրում բնակվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա:
4. Ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
(2-րդ հոդվածը խմբ., լրաց. 03.07.26 ՀՕ-361-Ն)