Հոդված 5
Հոդված 5.
Օրենսգրքի 409-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և դատարանի վերջնական այլ որոշումների դեմ բողոք կարող են ներկայացնել`
1) դատախազը` ֆիզիկական անձանց հայտարարությունների, պաշտոնատար անձանց հաղորդումների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ.
2) դատապարտյալը, արդարացվածը, տուժողը կամ նրանց օրինական ներկայացուցիչները, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` քաղաքացիական հայցվորը և քաղաքացիական պատասխանողը կամ նրանց օրինական ներկայացուցիչները` փաստաբանի միջոցով:
2. Սույն օրենսգրքի 408-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:
3. Եթե հաղորդումն ստացած դատախազը նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգիռ անձանց, որոնք դատախազի նման որոշումը կարող են բողոքարկել վերադաս դատախազին:»: