Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-07-20-ից մինչև 2006-11-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-11-02Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 896-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի պետական հատվածի կառավարման բարելավման, պետական գույքը մասնավորեցնելուն նախապատրաստելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

ա) սահմանված կարգով «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ» և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպել` «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ» և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունները միացնելով «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ընկերությունների վերակազմակերպման գործընթացը` ապահովելով միացման պայմանագրի ու փոխանցման ակտերի կնքումը, անհրաժեշտ փաստաթղթերն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելը, ինչպես նաև միացման հետևանքով ընդլայնվող` «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հաստատումը.

գ) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը նախապատրաստել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման փաթեթ և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

դ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում օրենքով սահմանված կարգով նվազեցնել «Հայգազարդ», «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ» և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները` նշված ընկերությունների կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման ճանապարհով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման 8-րդ կետի «թ» ենթակետը և 10-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունիսի 22

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։