Հոդված 15
Հոդված 15
. ԱԱՀ-ից ազատելը` հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: ԱԱՀ-ից ազատվում են`
1) քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ, մետրո և ճոպանուղի) ուղևորների փոխադրման ծառայությունները.
2) հանրակրթական դպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները` ուսման վարձի մասով.
3) դպրոցական տետրերի և դասագրքերի, մանկական և դպրոցական գրականության իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հրատարակվող գիտական, գիտամեթոդական գրականության և դասագրքերի իրացումը.
4) գիտահետազոտական աշխատանքները.
5) մանկական սննդի իրացումը.
6) անասնաբուժական դեղամիջոցների և գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար օգտագործվող թունաքիմիկատների իրացումը.
7) արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը.
8) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.
9) ռադիոհաղորդումները և սպառողների կողմից չհատուցվող հեռուստատեսային հաղորդումները, ներառյալ այդ հաղորդումները իրականացնելու համար երրորդ անձանցից միջոցների ստացումը.
10) թերթերի և ամսագրերի իրացումը.
11) թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների իրացումը.
12) կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաների իրացումը.
13) փոստային ծառայությունների, փոստային դրոշմանիշների, փոստային դրոշմագրված բացիկների ու ծրարների, ինչպես նաև պետական տուրքային և համանման այլ դրոշմանիշների անվանական արժեքով իրացումը.
14) վիճակախաղերի տոմսերի անվանական արժեքով իրացումը.
15) ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները, ներառյալ` դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.
16) կենսաթոշակային ապահովման գործառնությունները ներառյալ դրանց հետ կապված միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.
17) ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները`
- ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունումը, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումը ու սպասարկումը, այդ թվում նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.
- վարկերի (փոխառությունների) տրամադրումը, այդ թվում` պարտքերը կամ առևտրային գործարքների ֆինանսավորումը, ֆակտորինգային այլ գործառնությունները.
- երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրումը, ակրեդիտիվների բացումը.
- արժեթղթերի թողարկումը, տեղաբաշխումը, գնումը, վաճառքը, այդ թվում` վերավաճառելու նպատակով կամ պայմանով գնումը, ի պահ ընդունումը և հաշվառումը.
- մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկումը, գնումը, զեղչումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը.
- արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) գնումը, վաճառքը ու փոխանակումը, հայկական դրամի և արտարժույթի ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքների կատարումը.
- կանխիկ տրամադրման ծառայությունները.
- բանկերի կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցումը.
- լիազորագրային կառավարման կամ այլ ձևով այլ անձանց ներդրումների (ինվեստիցիաների) կառավարումը.
- թանկարժեք մետաղների ստանդարտացված (բանկային) ձուլակտորների գնումը, վաճառքը, դրանցով արտահայտված հաշիվների բացումն ու վարումը, դրանցով այլ գործառնությունների կատարումը.
- ֆինանսական վարձակալության իրականացումը.
- բրոքերային և միջնորդական այլ ծառայություններ.
- բանկի կողմից արժեթղթերի, թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, այլ արժեքների և փաստաթղթերի ի պահ ընդունումը.
- բանկի տրամադրության տակ մնացած գրավի իրացումից ստացված հասույթը.
- գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման, ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունները` կնքված պայմանագրերի համաձայն.
ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով նախատեսված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպումը և տրամադրումը, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի, քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստումը, ֆաքսիմիլային ծառայությունները:
18) պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի վարձակալությունը, հանրակացարաններում բնակվելու վարձը, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների` իրենց անդամներին մատուցված օրենսդրությամբ սահմանված ծառայությունները.
19) դոնորային արյան, մայրական կաթի, դեղամիջոցների, դեղանյութերի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.
20) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի ոչ պետական այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական (համանման այլ հասարակական և սոցիալական) ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարողների կողմից:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի, ինչպես նաև սույն հոդվածի դրույթների համաձայն ԱԱՀ-ից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմնի կողմից:
21) հաշմանդամների կամ արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակում առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ԱԱՀ այլ վճարողների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.
22) հասարակական (այդ թվում` բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը և ապրանքների ու ծառայությունների` տարվա ընթացքում միանգամյա կամ ոչ պարբերական իրացումը.
23) արտոնագրերի, հեղինակային իրավունքի, լիցենզիաների ստացման և հանձնման հետ կապված գործառնությունները.
24) հացի իրացումը.
25) մազութի իրացումը:
(15-րդ հոդվածը լրաց. 30.09.97 ՀՕ-146)