Հոդված 20
Հոդված 20.
Հարկային հաշվի մեջ պարտադիր նշվում են հետևյալ տվյալները`
ա) հաշվի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը.
բ) ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
գ) ապրանքներ կամ ծառայություններ ստացող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը.
դ) ապրանքների անվանումը և քանակը կամ ծառայությունների տեսակը և ծավալը.
ե) ապրանքների գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինը և հատուցման ընդհանուր գումարը` առանց ԱԱՀ-ի.
զ) հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (առանձին տողով).
է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված այլ տեղեկություններ:
Որպես հարկային հաշիվ կարող են ծառայել նաև առևտրի և սպասարկումների ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից տրված ապրանքների (մատուցված ծառայությունների) գնման չեկերը (կտրոնները), եթե դրանք պարունակում են սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված տվյալները, ինչպես նաև ապրանքների և մատուցված ծառայությունների ընդհանուր արժեքն ու դրանում ներառված ԱԱՀ-ի գումարը: Առանձին տվյալների բացակայության դեպքում դրանք պետք է արտացոլվեն չեկին կցվող սահմանված կարգով լրացված հարկային հաշվում:
ԱԱՀ վճարող չհանդիսացող օտարերկրյա ֆիզիկական անձանց համար մանրածախ հարկային հաշիվ (չեկ) դուրս է գրվում կապված Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս` դրանց համար վճարված ԱԱՀ-ի գումարները նրանց վերադարձնելու հետ:
Մանրածախ առևտրի և սպասարկման ոլորտում ապրանքների գնման կամ ծառայությունների ձեռքբերման դեպքում գնորդների (հաճախորդների) պահանջով ԱԱՀ վճարող հանդիսացող անձինք պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ` սույն հոդվածում նշված տվյալներով:
(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-177)