Հոդված 24
Հոդված 24.
Բնական գազի, էլեկտրական և ջերմային էներգիայի, խմելու և ոռոգման ջրի արտադրության, տեղափոխման և վաճառքի գործարքների և գործառնությունների, կեղտաջրերի հեռացման և մաքրման, աղբահանության և սանմաքրման ծառայությունների, լարային ռադիոհաղորդումների ծառայությունների, երկաթուղային փոխադրումների, ինչպես նաև պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին կամ իրավական այլ ակտերին համապատասխան ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու գծով ավելացված արժեքի հարկի պարտավորության ծագման (բյուջեի օգտին ԱԱՀ հաշվարկման) պահը որոշվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց վճարման պահով` անկախ իրացման հասույթի որոշման մեթոդներից:
Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է այդ ժամանակաշրջանում իրականացվող հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում վճարվել են`
1) արտադրական և առևտրային այլ նպատակներով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ` հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների մատակարարներին` սույն օրենքի VI բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.
2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների գանձած ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ավելացված արժեքի հարկի գանձումն ապրանքներ ներմուծելու պահին:
(24-րդ հոդվածը լրաց. 04.11.97 ՀՕ-156, խմբ. 26.12.97 ՀՕ-177)