Հոդված 8
Հոդված 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Կատարված է Մինսկ քաղաքում 1993 թվականի հունվարի 22-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության Կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագրի մասնակից պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենը:
Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի կառավարությունները:
Հավելված
Հաստատված է
Միջկառավարական սուրհանդակային կապի մասին
1993 թվականի հունվարի 22-ի Համաձայնագրով
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Միջկառավարական սուրհանդակային կապի գործունեության կարգի մասին
1. Միջկառավարական սուրհանդակային կապը կառավարական սուրհանդակային կապ է, որն ապահովում է հատուկ կարևորության, գաղտնի և այլ ծառայողական թղթակցության (այսուհետ` պաշտոնական թղթակցություն) օպերատիվ առաքումը Կողմերի պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների, իշխանության և կառավարման մարմինների (այսուհետ` Կողմերի) միջև, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների պաշտոնական թղթակցության առաքումը:
2. Միջկառավարական սուրհանդակային կապը կազմված է Միջկառավարական սուրհանդակային կապի մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) Կողմերի սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումներից:
Կողմերից յուրաքանչյուրի սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումներն իրենց գործունեությունում ղեկավարվում են իրենց պետությունների օրենսդրությամբ, իսկ պետությունների միջև պաշտոնական թղթակցության առաքման հարցերում` Միջկառավարական սուրհանդակային կապի մասին Համաձայնագրով և սույն Կանոնակարգով:
3. Միջկառավարական սուրհանդակային կապի օպերատիվ ղեկավարումն իրականացվում է սույն Համաձայնագիրը ստորագրած պետությունների սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումների ղեկավարների Համակարգող խորհրդի կողմից:
4. Պաշտոնական թղթակցության օպերատիվ առաքումը ապահովելու համար Համակարգող խորհուրդը ստեղծում է մշտապես գործող ցամաքային, օդային և ջրային երթուղիների ցանց, մշակում է առաքվող պաշտոնական թղթակցության պահպանության կարգը, ինչպես նաև երթուղիներով փոխադրվող պաշտոնական թղթակցության առավելագույն չափաքանակն ու տեսակները, որոշում է դրա փոխադրման հերթականությունը:
Պաշտոնական թղթակցության առաքումը երկաթուղային և ջրային տրանսպորտով իրականացվում է մարդատար և ճեպընթաց գնացքների առանձին մարդատար ճամփորդախցիկներով, ծովային և գետային նավերի առանձին նավախցիկներով, ինչպես նաև, բացառիկ դեպքերում, փոստային վագոններով և նավախցիկներով:
Պաշտոնական թղթակցության առաքումը ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվում է հատուկ մեքենաներով, ավիացիոն տրանսպորտով` քաղաքացիական ավիացիայի չվերթային օդանավերի մարդատար սրահներում, իսկ առանձին դեպքերում՝ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով, հատուկ և փոստային չվերթներ իրականացնող ինքնաթիռներով:
Կողմերի օդային, ջրային (ծովային, գետային) և երկաթուղային տրանսպորտի կառավարման մարմիններն իրենց սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումների հայտով ապահովում են տեղերի հատկացումը օդային և ծովային (գետային) նավերում և գնացքներում, տոմսերի արտահերթ ձեռքբերումը` գործող սակագների վճարումով, օդանավակայաններում, ծովային (գետային) և երկաթուղային կայարաններում ծառայողական սենյակների հատկացումը սուրհանդակային ծառայությունների աշխատակիցներին` առաքվող թղթակցության հետ` վարձակալության պայմանով, ինչպես նաև ապահովում են օդային, ծովային (գետային) նավեր ու գնացքներ առաջնահերթ նստելու իրավունքը` մինչև ուղևորներին ընդհանուր վերցնելը:
Միջկառավարական սուրհանդակային կապով փոխադրվող պաշտոնական թղթակցությունն անձեռնմխելի է, ենթակա չէ սահմանային և մաքսային վերահսկողության:
Կողմերի սահմանային պահպանության և մաքսային մարմիններն ապահովում են Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցների կողմից պետական սահմանների անարգել անցումը՝ նրանց կողմից առաքվող պաշտոնական թղթակցության հետ միասին, և օժանդակում են նրանց կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
5. Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատանքի կազմակերպումը պետք է ապահովի բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք երաշխավորում են պաշտոնական թղթակցության հուսալի պահպանությունը և դրա առավել արագ առաքումը: Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցներն իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ օգտվում են հաշվեցուցակային զենք կրելու իրավունքից:
6. Կողմերի պետական անվտանգության, ներքին գործերի (ոստիկանության), օդային, ծովային (գետային), երկաթուղային տրանսպորտի, մաքսային, սահմանային պահպանության, արտաքին գործերի հիմնարկների, զինված ուժերի մարմիններն աջակցում են Միջկառավարական սուրհանդակային կապին պաշտոնական թղթակցության օպերատիվ առաքման հարցում և ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն նրա աշխատակիցներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ:
7. Միջկառավարական սուրհանդակային կապով պաշտոնական թղթակցության առաքումը Կողմերի միջև իրականացվում է Կողմերի մայրաքաղաքների միջև մշտապես գործող միջպետական սուրհանդակային երթուղիներով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում` Մոսկվա քաղաքում կենտրոնական տարանցիկ կետի միջոցով, կամ` տարածաշրջանային տարանցիկ կետերում: Անհրաժեշտության դեպքում շտապ պաշտոնական թղթակցությունը կարող է առաքվել առձեռն` անմիջապես հասցեատիրոջ բնակավայր: Այդ դեպքում սուրհանդակային ծառայության տեղական ստորաբաժանումն աջակցություն է ցուցաբերում Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցներին պաշտոնական թղթակցությունը հասցեատիրոջը հասցնելու գործում:
8. Պաշտոնական թղթակցության հետ աշխատանքի տեխնոլոգիան դրա փոխադրման բոլոր փուլերում սահմանվում է Միջկառավարական կապի բոլոր ստորաբաժանումների համար միասնականորեն և որոշվում է Համակարգող խորհրդի կողմից:
Փոխադրվող պաշտոնական թղթակցության բոլոր ուղեկցող փաստաթղթերը լրացվում են ռուսերեն` որպես Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատանքային լեզու: Փոխադրվող պաշտոնական թղթակցությունը Կողմի ազգային լեզվով հասցեագրված լինելու դեպքում հասցեն պետք է ունենա ռուսերեն թարգմանություն:
9. Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցները միջպետական երթուղիների իրականացման ժամանակ այդ երթուղիների վերջնական կայարաններում գտնվելիս անցնում են գտնվելու վայրի պետության սուրհանդակային ծառայության տեղական ստորաբաժանման ղեկավարի օպերատիվ ենթակայության տակ:
10. Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակցի վրա են դրվում առաքվող պաշտոնական թղթակցության պահպանության ապահովման նպատակով արտակարգ միջոցների կիրառման գործառույթները, ընդհուպ մինչև դրա ոչնչացումը, թղթակցության վրա հանցավոր ոտնձգությունների և դրա հետագա պահպանության ապահովման անհնարինության դեպքում:
11. Միջկառավարական սուրհանդակային կապի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Կողմերի սուրհանդակային ծառայության ստորաբաժանումների կողմից՝ փոխհամաձայնության հիմունքով, որը որոշվում է Համակարգող խորհրդի կողմից: