Անցնել բովանդակությանը

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (PSOM) ՄԱՍԻՆ

Փոխըմբռնման հուշագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Նիդերլանդների Կառավարության միջեվ զարգացող տնտեսություն ունեցող երկրների հետ համագործակցության ծրագրի (PSOM) մասին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Նիդերլանդների Կառավարությունը, այսուհետ` Ստորագրող կողմեր,

որոշեցին հետևյալը.

Կետ 1

Ծրագրի նպատակները

ա) Սույն ծրագիրը նպատակաուղղված է աջակցելու մասնավոր հատվածի զարգացմանը` խրախուսելով Հայաստանի և Նիդերլանդների գործարար հատվածների միջև տնտեսական համագործակցությունը և աջակցելով այդ համագործակցությանը հավասար գործընկերության և փոխադարձ շահերի հիման վրա` շեշտը դնելով մասնավոր ներդրումների վրա:

բ) Աջակցությունը կտրամադրվի Հայաստանի և Նիդերլանդների գործարար խմբերի` միջազգային և տեղական «նոու-հաու»-ի, ապրանքների և ծառայությունների կիրառմամբ որոշակի ոլորտներում համատեղ նորարարական փորձնական ծրագրեր սկսելու նախաձեռնություններին:

գ) Նախատեսվում է, որ հաջող փորձերը կշարունակվեն և/կամ կկրկնապատկվեն մասնավոր հատվածով:

դ) Նախատեսվում է, որ գործարար բնույթի ծրագրերը պետք է նպաստեն աղքատության նվազեցմանը: Ընտրության ժամանակ նախապատվություն կունենան այն նախագծերը, որոնք կներգրավեն զգալի թվով տեղական աշխատուժ, կփոխանցեն գիտելիքներ, մեծապես կօգտագործեն տեղական փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ) մատակարարման գործում, կգործեն աշխարհագրորեն ոչ բարենպաստ շրջաններում, եկամտի աղբյուր կհանդիսանան մեծ թվով շահառուների խմբի համար և/կամ այլ եղանակներով կնպաստեն աղքատության զգալի նվազեցմանը: Այնուամենայնիվ, նախագծերը բոլոր դեպքերում պետք է ներկայացվեն հիմնավորված գործարար առաջարկների ձևով, որոնք կստեղծեն կայուն գործարար կապեր:

Կետ 2

Բյուջե

Զարգացման պաշտոնական աջակցությունը կտրամադրվի Նիդերլանդների Կառավարության կողմից` Զարգացող տնտեսություն ունեցող երկրների հետ համագործակցության ծրագրի (PSOM) շրջանակներում 2005 թվականից սկսված հայ-նիդերլանդական համատեղ գործարար ծրագրերին աջակցություն տրամադրելու նպատակով: PSOM ծրագրի ընդհանուր բյուջեն 32 երկրների համար ներկայումս տարեկան կազմում է 51 միլիոն եվրո:

PSOM-ի միջին ներդրումը յուրաքանչյուր նախագծի մեջ կազմում է մոտ 500,000 եվրո, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր երկրում տարեկան իրականացնել միջին հաշվով 2-3 ներդրումային նախագիծ: Այն նախագծերի փաստացի քանակը, որոնք կարող են հաստատվել Հայաստանի համար, կախված կլինեն Հայաստանի համար ստացված առաջարկների որակից: Եթե Հայաստանի համար հաստատվի տարեկան երկուսից ավելի առաջարկ, ապա, ըստ առաջնայնության, երրորդը, չորրորդը և այլ առաջարկները կմրցակցեն այլ երկրներից ստացված հայտերի հետ: Ծրագիրը կգործի առնվազն երկու տարի և այնուհետև կարող է երկարաձգվել նամակների փոխանակմամբ, եթե երկու Ստորագրող կողմերը գտնեն այն շահավետ:

Կետ 3

Հարկեր

PSOM ծրագրի շրջանակներում Հայաստան ներմուծված ապրանքները կազատվեն ցանկացած մաքսատուրքից, ավելացված արժեքի հարկից կամ այլ մաքսային վճարումից: Երկու Ստորագրող կողմերը ընդգծում են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի և «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի արագ ստորագրման կարևորությունը:

Կետ 4

Իրականացնող մարմին

Հայաստանի Կառավարության անունից ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը կգործի որպես ծրագրի հիմնական օղակ:

Ծրագիրը Նիդերլանդների Կառավարության անունից պետք է իրականացնի Հոլանդիայի Կառավարության գործակալությունը (EVD)` խորհրդակցելով Թբիլիսիում Նիդերլանդների Թագավորության դեսպանության հետ:

Կետ 5

Ծրագրի ոլորտները

Ստորագրող կողմերը կձգտեն խրախուսել նախագծերի մշակումը և իրականացումը հետևյալ տնտեսական ոլորտներում (սակայն այլ ոլորտների համար նախագծային լավ առաջարկները նույնպես կքննարկվեն).

ա) արդյունաբերություն,

բ) գյուղատնտեսություն:

Աշխարհագրական առումով նախապատվություն կտրվի այն նախագծերին, որոնք իրականացվելու են Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում:

Բոլոր ոլորտներում հատուկ ուշադրություն կդարձվի ընդհանուր սոցիալական պատասխանատվության խնդիրներին: Վերը նշված նախընտրելի ոլորտները և/կամ մարզը(երը) և 1-ին կետի «դ» ենթակետում նշված աղքատության նվազեցման գործոնները հատուկ կարևորություն կունենան նախագծերի ընտրության գործընթացում:

Հնարավորության դեպքում Ստորագրող կողմերը կօժանդակեն ծրագրի նորմալ իրականացումն ապահովելու հարցում:

Կետ 6

Առաջարկներ ներկայացնելը

Տարեկան առնվազն մեկ անգամ EVD-ն կհրավիրի ընկերություններին (դրանց կոնսորցիումներին)` ներկայացնելու նախագծերի հետ կապված առաջարկներ` հատուկ ընդգծելով 5-րդ կետում նշված ոլորտները և/կամ մարզը(երը): Յուրաքանչյուր կոնսորցիում կընդգրկի առնվազն մեկ հայկական և մեկ հոլանդական գործընկերոջ: Կոնսորցիումի հոլանդական գործընկերը դիմում կներկայացնի EVD-ին և կգործի որպես EVD-ի հետ կապի օղակ: Նիդերլանդների զարգացման համագործակցության նախարարի և EVD-ի միջև կնքված PSOM համաձայնագիրը մանրամասն պարունակում է այն ընթացակարգերը, որոնց միջոցով կընտրվեն PSOM առաջարկները և կհատկացվեն միջոցները: EVD-ն կտեղեկացնի Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին այն առաջարկների մասին, որոնք նախատեսում են ֆինանսական աջակցության տրամադրում PSOM-ի շրջանակներում:

Կետ 7

Մոնիտորինգ

EVD-ն կիրականացնի նախագծերի մոնիտորինգ և առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի Թբիլիսիում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն և Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին: Դեսպանության և Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողները կհանդիպեն առնվազն տարեկան մեկ անգամ` նախագծի իրականացման առաջընթացը քննարկելու նպատակով:

Կետ 8

Վեճերի կարգավորում

Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանման և/կամ իրականացման հետ կապված` Կողմերի միջև որևէ վեճ պետք է կարգավորվի բարեկամաբար` խորհրդակցություններ և/կամ բանակցություններ անցկացնելու միջոցով:

Կետ 9

Ուժի մեջ մտնելը և տևողությունը

Սույն Փոխըմբռնման հուշագիրը ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը կստանա ծանուցում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն դրա հաստատման համար պահանջվող ներքին վավերացման ընթացակարգերի ավարտի մասին, և կգործի երկու տարի ժամկետով: Ժամկետի հետագա երկարաձգումների վերաբերյալ հարցը կարող է որոշվել Ստորագրող կողմերի միջև` նամակների փոխանակմամբ:

Կատարված է Երևանում, երկու հազար հինգ թվականի հունիսի 10-ին, երկու բնօրինակով, անգլերեն:

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2005 թ. օգոստոսի 15-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։