Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 45. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցումը
Հանրային պաշտպանների գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի հանրային պաշտպանների գրասենյակի բնականոն գործունեությունը:
Փաստաբանների պալատի նախագահը հանրային պաշտպանների գրասենյակի ղեկավարի համաձայնությամբ օրենքով սահմանված ժամկետում հանրային պաշտպանների գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
Հանրային պաշտպանների գրասենյակի բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և փաստաբանների պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:
Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:
Հանրային պաշտպանի գրասենյակը կարող է լրացուցիչ միջոցներ ներգրավել օրենքով չարգելված աղբյուրներից, որոնք կարող են ծախսվել գրասենյակի գործունեության բարելավման, ինչպես նաև հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության նպատակով դրամական խրախուսման համար։
Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:
Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափը և հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսեր:
Հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երևան քաղաքի համայնքի դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով։ Անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ, որի դեպքում փոխհատուցվող գումարի չափը սահմանվում է Երևան քաղաքի համայնքի դատախազի աշխատանքային մեկ ժամի վարձատրության չափին համարժեք:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իր գործունեության համար ստանում է փոխհատուցում` հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափի քսանհինգ տոկոսով ավելի գումարի չափով:
Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանների աշխատանքի վարձատրության համար նախատեսված գումարի երեսուն տոկոսի չափով` անկախ հանրային պաշտպանների կողմից կատարված փաստացի ծախսերից։»: