Հոդված 12. Ավագանու իրավասությունը
Հոդված 12. Ավագանու իրավասությունը
Համայնքի ավագանին`
1) ընդունում է իր կանոնակարգը.
2) վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի կողմից ստացված վարկերի օգտագործումը.
3) սույն օրենքով սահմանված կարգով սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը.
4) սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն է ներկայացնում մարզպետին.
5) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում է համայնքի խնդիրներին վերաբերող և օրենքով սահմանված գաղտնիք չպարունակող տեղեկություններ: Այդ պահանջը պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար:
Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ`
1) հաստատում է համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը.
2) համաձայնություն է տալիս համայնքային ենթակայության ձեռնարկություններ ստեղծելու մասին.
3) հավանություն է տալիս համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին.
4) հավանություն է տալիս հողերի օգտագործման սխեմային.
5) օրենսդրությանը համապատասխան համաձայնություն է տալիս առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության համայնքային կանոններին.
6) հաստատում է համայնքի տարեկան բյուջեն, բյուջեում կատարում է փոփոխություններ, համաձայնություն է տալիս բյուջեի ազատ միջոցներն օգտագործելու մասին, հաստատում է բյուջեի կատարման վերաբերյալ համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը.
7) օրենքով սահմանված կարգով սահմանում է տեղական տուրքեր և վճարներ, համաձայնություն է տալիս համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների չափերը և աճուրդային եղանակով օտարվող գույքի մեկնարկային գինը.
8) հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.
9) համաձայնություն է տալիս համայնքի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների անվանմանը և վերանվանմանը, տների, շենքերի և այլ շինությունների համարակալմանը.
10) հաստատում է համայնքի ղեկավարի` այլ համայնքների հետ համագործակցության, միջհամայնքային միավորումներ ստեղծելու, այլ պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության մասին կնքած պայմանագրերը.
11) համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի կողմից վարկային պայմանագրի կնքմանը:
Համայնքի ավագանին իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Քաղաքային, գյուղական համայնքի ավագանին սահմանում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհելու կարգը: