Հոդված 39. Համայնքի սեփականությունը
Հոդված 39. Համայնքի սեփականությունը
Համայնքն ունի սեփականություն, որն օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում են տեղական ինքնակառավարման մարմինները:
Համայնքի սեփականություն կարող են հանդիսանալ համայնքի տարածքում գտնվող մանկապարտեզներ, մասնագիտացված դպրոցներ, ակումբներ, մշակույթի տներ, գրադարաններ, առողջապահական ձեռնարկություններ և կազմակերպություններ, ջեռուցման, ջրմուղի, կոյուղու, ոռոգման, գազի ցանցեր, փողոցներ, հրապարակներ, հանգստի գոտիներ, կամուրջներ, տեղական նշանակության այլ կառույցներ, ինչպես նաև բնակելի շենքեր, բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ, վարչական շենքեր, կրթական, մշակութային, մարզական և այլ օբյեկտներ ու շինություններ, ձեռնարկություններ, կազմակերպություններ, տրանսպորտային միջոցներ, անշարժ և շարժական այլ գույք: Քաղաքային և գյուղական համայնքների սեփականություն կարող են հանդիսանալ նաև գերեզմանատները:
Համայնքի սեփականության գույքի ցանկը, ըստ համայնքների, սահմանում է կառավարությունը:
Համայնքի սեփականությունը համայնքի ղեկավարի կողմից ենթարկվում է ամենամյա պարտադիր գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը:
Համայնքի սեփականությունը գոյանում է`
1) պետական ձեռնարկությունները կամ պետական սեփականություն հանդիսացող գույքը համայնքի սեփականությանը հանձնելուց.
2) համայնքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունից.
3) բարեգործական հատկացումներից, քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների նվիրատվություններից.
4) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: