Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀՈՂԱՄԱՍ ԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2007 թվականի N 277-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀՈՂԱՄԱՍ ԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս գնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. մարտի 15

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

փետրվարի 22-ի N 277-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀՈՂԱՄԱՍ ԳՆԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս ձեռք բերելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց (այսուհետ` անձ) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս ձեռք բերելու համար լիազոր մարմին են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը (այսուհետ` մարմին):

3. Հողամաս ստանալու իրավունք ունեցող անձի հաշվառումն իրականացնում է համապատասխան մարմինը` անձի ներկայացրած դիմումի հիման վրա` մինչև 2007 թվականի հունիսի 30-ը: Դիմումի հետ մեկտեղ անձը մարմին է ներկայացնում տեղեկանք իր մշտական բնակության վայրի համայնքից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումից այն մասին, որ չի օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չի ստացել (ձեռք չի բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր: Բռնադատվածները նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնում են նաև բռնադատվածի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ դրա պատճենը:

4. Մարմինը քննարկում է սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը դրանք ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում և ձեռնարկում միջոցներ անձին հողամաս հատկացնելու համար, եթե այդ փաստաթղթերը կազմված և ներկայացված են սահմանված կարգով:

5. Եթե ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ էական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա մարմինը դրանք ներկայացնում է դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով 2 աշխատանքային օրվա ընթացքում շտկելու այդ սխալները: Իսկ եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա մարմինը դիմողին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրել այդ ցանկը։

6. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին, ինչպես նաև սույն կետի 1-ին ենթակետում նշված անճշտությունները սահմանված ժամկետում անձի կողմից չշտկվելու դեպքում մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է դիմումը և ներկայացված փաստաթղթերը վերադարձնում անձին` գրավոր ծանուցելով դիմումը մերժելու պատճառները: Ընդ որում, մարմինն իր մոտ է պահում ներկայացված փաստաթղթերի պատճենները:

7. Պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում մարմինը ձեռնարկում է միջոցներ հողամաս ձեռք բերելու համար, եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված են համապատասխան միջոցներ:

8. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հողամասերի ձեռքբերման գործընթացն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Հողամասն անձին սեփականության իրավունքով տրամադրվում է համապատասխան մարմնի և անձի միջև կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։