Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-01-26-ից մինչև 2007-10-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-10-29Բացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

31 մայիսի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60004127

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 ապրիլի 2004 թ.

ք. Երևան N 43-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված):

2. Երևան քաղաքի Սարի թաղի 3-25-րդ, Լեփսիուսի 6-րդ, Ներքին Չարբախի 2-րդ, Յան Ռայնիսի, Գոգոլի, Մ. Ավետիսյան, Դրոյի փողոցների, Սարկավագի փողոցի բարձրահարկ շենքերի, Անդրֆեդերացիայի 2-րդ փակուղու համար, Զովունի գյուղում և Քանաքեռավանի համայնքներում սույն որոշման հավելվածի 2-րդ կետը կիրառել 2005 թվականի հունվարի 1-ից:

Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Եղվարդ քաղաքում, Ջրաշեն, Մուշական, Գառնի և Խարբերդ գյուղերում սույն որոշման հավելվածի 2-րդ կետի կիրառման ժամկետին կանդրադառնա 2006 թվականի հունիս ամսին:

(2-րդ կետը խմբ. 21.12.05 N 213-Ն)

3. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում զանգվածային լրատվական միջոցներով հրապարակել Ընկերության կողմից սպասարկվող տարածքներում ջրամատակարարման գրաֆիկներն ըստ համայնքների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2004 թ. ապրիլի 30-ի

N 43-Ն որոշմամբ

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Սույն պահանջները վերաբերում են խմելու ջրի մատակարարման այն համակարգերին, որոնք գտնվում են Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` Ընկերություն) հաշվեկշռում կամ շահագործվում են նրա կողմից:

1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, N 10002340):

2. Ընկերությունը պարտավոր է ջրամատակարարման հաստատված գրաֆիկով սպառողներին ապահովել ամենօրյա առնվազն չորսժամյա ջրամատակարարմամբ` ժամը 7.00 -24.00-ն ընկած ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածից դուրս իրականացված ջրամատակարարումը չի համարվում սույն կետով սահմանված պահանջի կատարում:

3. Ընկերությունը պարտավոր է զանգվածային լրատվական կամ այլ միջոցներով սպառողներին նախապես իրազեկել տվյալ տարածքի ջրամատակարարման հաստատված գրաֆիկների մասին, իսկ դրանցում կատարվող փոփոխությունների դեպքում` առնվազն 2 օր առաջ:

4. Ընկերությունը պարտավոր է ապահովել խմելու ջրի ճնշումը բազմաբնակարան շենքի և առանձնատան մուտքագծում` առնվազն վերջին հարկի հատակի նիշի վրա եղած հաշվարկային ճնշմանը ավելացրած 0,05ՄՊա (5մ ջրի սյուն): Մուտքագծում փաստացի ճնշումը չպետք է գերազանցի 0,6ՄՊա-ն (60մ ջրի սյուն):

5. Ընկերությունը պարտավոր է սպառողներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում:

6. Խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ ջրամատակարարման հաստատված գրաֆիկը խախտելու դեպքում Ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ սպառողներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:

7. Մատակարարման համակարգում վթարների դեպքում Ընկերությունը պարտավոր է օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել սպառողներին վթարի և այն վերացնելուց հետո խմելու ջրի մատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:

8. Սույն պահանջների 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների սպառողներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:

9. Եթե Ընկերությունը չի կատարել 8-րդ կետի պահանջը, ապա նա պարտավոր է սպառողների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամսվա միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):

10. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետի պայմանին, ապա Ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով սպառողներին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։