Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ 3-1121 (ՏԴ)-Ի ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության

տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-1121 (ՏԴ)

2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-1293

Նախագահող դատավոր՝ Ա. Բարսեղյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ Ա. Մկրտումյանի

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հուլիսի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ագան Խոնդկարյանի իրավահաջորդ Կարեն Խոնդկարյանի` հավատարմագրված փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանի միջոցով բերված վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` նաև դատարան) 2007 թվականի մարտի 26-ի թիվ Տ-1293 վճռի դեմ՝ ըստ Ջուլիետա Ասրյանի (այսուհետ` հայցվոր) հայցի ընդդեմ Հրաչյա Գրիգորյանի, Ագան Խոնդկարյանի, Ջանիկ Զոհրաբյանի (այսուհետ նաև` պատասխանողներ)` կոոպերատիվի անդամ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է իրեն ճանաչել «Պրոգրես» արտադրական կոոպերատիվի անդամ իր ամուսնու կողմից թողնված կտակի հիման վրա:

ՀՀ տնտեսական դատարանի 26.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ագան Խոնդկարյանի իրավահաջորդ Կարեն Խոնդկարյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասը և 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Կարեն Խոնդկարյանը հանդիսանում է Հանգուցյալ Ագան Խոնդկարյանի որդին, ժառանգը և իրավահաջորդը, սակայն դատարանը նրան տեղյակ չի պահել քննվող գործի վերաբերյալ: Դատարանը տեղյակ է եղել, որ Ա. Խոնդկարյանը մահացած է, ուստի պետք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պարտադիր կարգով կասեցներ գործի վարույթը:

Վերոգրյալի հիման վրա Կ. Խոնդկարյանը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 26.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կ. Խոնդկարյանը սույն գործով պատասխանող Ագան Խոնդկարյանի որդին է:

2) Պատասխանողներից Ագան Խոնդկարյանին 17.11.2005 թվականին ուղարկված դատական ծանուցագիրը վերադարձվել է նշումով, որ հասցեատերը մահացած է:

3) Ագան Խոնդկարյանը մահացել է 28.06.2005 թվականին:

4) Պատասխանողներ Հ. Գրիգորյանը և Ջ. Զոհրաբյանը 25.12.2005 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան` խնդրելով քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչև լուծվի Ագան Խոնդկարյանի իրավահաջորդի հարցը:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության 105-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը կասեցնում է գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն: «Պրոգրես» արտադրական կոոպերատիվի կանոնադրության 4.4-րդ կետի համաձայն` կոոպերատիվի անդամի մահվան դեպքում նրա ժառանգները կարող են ընդունվել կոոպերատիվի անդամ:

Սույն քաղաքացիական գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերով հիմնավորվում է այն հանգամանքը, որ դատարանը տեղեկացված է եղել Ագան Խոնդկարյանի մահի մասին, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տվել իրավահաջորդություն: Հետևաբար, հիմնավոր է վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության 105-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահաջորդության հարցը լուծված չլինելու պայմաններում դատարանի կայացված վճիռը վերաբերում է նաև Ագան Խոնդկարյանի իրավահաջորդների իրավունքներին և պարտականություններին, որոնք դատաքննությանը մասնակից չեն դարձվել:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյան, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 26.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝ Հ. Մանուկյան

Դատավորներ՝ Ա. Մկրտումյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Վ. Աբելյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։