«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807328
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հունիսի 2007 թ.
ք. Երևան N 494-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԲՆԱԿՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշները, գնահատման և վճարման պայմանները և կարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների հաշվառման ձևը և կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Նախարար` Վ. Խաչատրյան
Հավելված
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2007 թվականի հունիսի 8-ի
N 494-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԲՆԱԿՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների հաշվառման ձևի և կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված և Ազգային պահուստում հաշվեգրված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները ենթակա են պարտադիր հաշվառման և կառավարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության (այսուհետ` Գանձարան) կողմից:
3. Պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների հաշվառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատելու մասին» N 484-Ն որոշմանը համապատասխան:
4. Գանձարան մուտքագրված, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների դրամով արտահայտված արժեքը արտացոլվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում, դրանց շարժի վերաբերյալ տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացվում ՀՀ կառավարություն (առանձին տողով):
5. Գանձարան մուտքագրված ՀՀ ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները պահպանվում են դրանց համար առանձնացված հատուկ պահոցներում` չհրկիզվող պահարաններում, որոնք պետք է զմռսակնքված լինեն նյութական պատասխանատու անձի կողմից: Այդ արժեքների մասով տարվում է առանձնացված հատուկ հաշվառում` ըստ տեխնիկատնտեսական փաստաթղթերի (հաշվառման գրքեր և քարտեր):
6. Հաշվառման գրքերը (Ձև 1 և Ձև 2) կարվում են, էջակալվում են, վերջին էջում գրվում է էջերի քանակը, տրման օրը, ամիսը, տարեթիվը, և ստորագրվում Գանձարանի պետի, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի ձևավորման և հաշվառման բաժնի պետի, նյութական պատասխանատու անձի (անձանց) կողմից, որը կնքվում է Գանձարանի կլոր կնիքով:
7. Մուտքագրվող յուրաքանչյուր իրի համար նախատեսված քարտում և/կամ գրքում յուրաքանչյուր իրի համար բացվում է անհատական համար: Քարտում և/կամ գրքում նշված է սույն կետի «ա», «բ» ենթակետերով սահմանված նրանց բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները) և մանրամասն նկարագրությունը ըստ փորձագիտական հանձնաժողովի մասնագիտական եզրակացության:
ա) Թանկարժեք մետաղների հազվագյուտ բնակտորների համար` անվանումը, հարգը, քաշը, արտաքին նկարագրությունը, հանքավայրի անվանումը, փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համարը և գնահատված արժեքը, ձեռքբերման աղբյուրները, ինչպես նաև բնակտորներ, որոնք կապված են որևէ պատմական իրադարձության կամ հանրահայտ անձի հետ, որոնք մեծ դեր են ունեցել պատմության, գիտության և մշակույթի մեջ (այդպիսիք լինելու դեպքում):
բ) Թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների համար` անվանումը, քանակը, կշիռը (կարատ), որակը և նիստավորման ձևը, հանքավայրի անվանումը, փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համարը և գնահատված արժեքը, ձեռքբերման աղբյուրները, թանկարժեք քարեր, որոնք կապված են պատմական իրադարձության կամ հանրահայտ մարդկանց հետ, որոնք մեծ դեր են ունեցել մշակույթի, պատմության և գիտության մեջ (այդպիսիք լինելու դեպքում):
8. Հաշվառման քարտերում և գրքերում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների մուտքը և ելքը գրանցվում են ձևակերպված փաստաթղթերի` ընդունման-հանձնման ակտերի, մուտքագրման և ելքագրման ակտերի հիման վրա:
9. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների հաշվառումը տարվում է նաև Հայաստանի Հանրապետության դրամով գնահատված արժեքային արտահայտությամբ:
Ձև 1
Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների հազվագյուտ բնակտորների հաշվառման գիրք
Հ/հ Իրի անվա-
նումը Թանկարժեք
մետաղի
տեսակը Բնութագրող
վավերա-
պայմանները
(ռեկվիզիտները) Քանակը Հարգը Քաշը Հանքա-
վայրի
անվանումը Ձեռք-
բերման
աղբյուրը Գնահատված
արժեքը Փորձագիտ.
հանձնաժողովի
որոշման
համարը Մուտք Ելք Մնացորդ Ծանոթա-
գրություն
Ձև 2
Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների հաշվառման գիրք
Հ/հ Իրի անվա-
նումը Թանկարժեք
քարի
տեսակը Բնութագրող
վավերա-
պայմանները
(ռեկվի-
զիտները) Քանակը Քարի որակը
և նիստա-վորման
ձևը Կշիռը
/կարատ/ Հանքա-
վայրի
անվանումը Ձեռքբերման
աղբյուրը Գնահատ-
ված
արժեքը Փորձագիտ.
հանձնա-
ժողովի
որոշման
համարը Մուտք Ելք Մնացորդ Ծանո-
թագրու-
թյուն