ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան 11 մարտի 2008 թ.
1928 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԼՐԱՑՎԱԾ 1948 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի, 1966 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի, 1972 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՓՈՓՈԽՎԱԾ 1982 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԵՎ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող),
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1928 թվականի նոյեմբերի 22-ին Փարիզում ստորագրված՝ Միջազգային ցուցահանդեսների մասին կոնվենցիայում (լրացված 1948 թվականի մայիսի 10-ի, 1966 թվականի նոյեմբերի 16-ի, 1972 թվականի նոյեմբերի 30-ի արձանագրություններով և փոփոխված 1982 թվականի հունիսի 24-ի և 1988 թվականի մայիսի 31-ի արձանագրություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2008 թվականի փետրվարի 18-ին:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ն. Երիցյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Կոնվենցիան ստորագրվել է 1928 թվականի նոյեմբերի 22-ին` Փարիզում: Այնուհետև լրացվել է արձանագրություններով` 1948թ. մայիսի 10-ին, 1966թ. նոյեմբերի 16-ին, 1972թ. նոյեմբերի 30-ին, և փոփոխվել է 1982թ. հունիսի 24-ին, ինչպես նաև 1988թ. մայիսի 31-ին: Կոնվենցիայի նպատակն է միջազգային ցուցահանդեսների կազմակերպման և կառավարման ընդհանուր պայմանների, գրանցված ցուցահանդեսների կազմակերպիչների և մասնակցող պետությունների պարտավորությունների կանոնակարգումը:
2. Ներկայիս դրությամբ կոնվենցիայի մասնակից է հանդիսանում 140 պետություն։ Ըստ կոնվենցիայի ինստիտուցիոնալ դրույթների` գործում է Ցուցահանդեսների միջազգային գրասենյակ, որի անդամներ են հանդիսանում Պայմանավորվող կողմերի կառավարությունները։ Գրասենյակի գերագույն մարմինն է Գլխավոր վեհաժողովը, որը կազմված է Պայմանավորվող կողմերի պատվիրակներից։
3. Ստորագրելով կոնվենցիան` Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս մասնակից այլ պետությունների, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
հրաժարվել ցանկացած չգրանցված կամ չճանաչված ցուցահանդեսին մասնակցելուց և հովանավորելուց, ինչպես նաև որևէ պետական հատկացում տրամադրելուց (հոդված 9, կետ 1),
ապահովել, որպեսզի կառավարության կողմից օգտագործվի ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ցանկացած նպատակահարմար միջոց` կեղծ ցուցահանդեսների կազմակերպիչների կամ այն ցուցահանդեսների դեմ գործելու համար, որոնց մասնակիցները խարդախորեն հրապուրվել են կեղծ խոստումներով, ծանուցումներով կամ գովազդներով (հոդված 9, կետ 3),
կազմակերպել կամ հովանավորել մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին միմիայն կոնվենցիայի դրույթներին համապատասխան ուղարկված հրավերների առկայության դեպքում (հոդված 11, կետ 2),
չընդունել և չուղարկել ցուցահանդեսին մասնակցելու վերաբերյալ որևէ հրավեր Պայմանավորվող կողմի կամ ոչ անդամ պետության տարածքում, եթե նման հրավերում վկայակոչված չէ սույն կոնվենցիայի դրույթների համաձայն հաստատված գրանցումը (հոդված 11, կետ 3),
հրավիրողի կարգավիճակում լինելիս նշանակել ցուցահանդեսի հանձնակատար, ով լիազորված կլինի ներկայացնելու կառավարությունը սույն Կոնվենցիայի հետ կապված և տվյալ ցուցահանդեսին վերաբերող բոլոր հարցերում (հոդված 12)։
Կոնվենցիան արգելում է որևէ ցուցահանդեսի տրամադրել որևէ կարգի մենաշնորհ, եթե կազմակերպող երկրի օրենքներում չկան հակառակ դրույթներ, իսկ, այնուամենայնիվ, գրանցման կամ ճանաչման պահին Գրասենյակի կողմից ընդհանուր ծառայությունների մենաշնորհի թույլատրման դեպքում սահմանում է որոշակի պայմաններ. նշել դա ցուցահանդեսի կանոնակարգերում և մասնակցության պայմանագրում, որևէ սահմանափակման չենթարկել հանձնակատարների լիազորություններն իրենց համապատասխան տաղավարներում և այլն (հոդված 20, կետ 1)։
4. Կոնվենցիան պարունակում է նաև լրացումներ և փոփոխություններ կատարելու կարգը, վեճերի լուծման, կոնվենցիան չեղյալ հայտարարելու պայմանները։
Կոնվենցիան ունի նաև հավելված, որում շարադրված են միջազգային ցուցահանդեսների մասնակիցների կողմից ապրանքների ներմուծման մաքսային կանոնները։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1928 թվականի նոյեմբերի 22-ին Փարիզում ստորագրված՝ Միջազգային ցուցահանդեսների մասին կոնվենցիայում (լրացված 1948 թվականի մայիսի 10-ի, 1966 թվականի նոյեմբերի 16-ի, 1972 թվականի նոյեմբերի 30-ի արձանագրություններով և փոփոխված 1982 թվականի հունիսի 24-ի և 1988 թվականի մայիսի 31-ի արձանագրություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող Վ. Հովհաննիսյան
11 մարտի 2008 թ.
ՍԴՈ-740