Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-04-10-ից մինչև 2014-05-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-05-31Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2006 թվականի N 798-Ն

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետի և 36-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի ֆինանսավորման հայտ-պահանջագրի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունիսի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 8-ի N 798-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 27.03.08 N 286-Ն)

2. Գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է գործազրկության նպաստի եռապատիկի չափով թաղման նպաստ` թաղման նպաստ ստանալու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն ներկայացվելու դեպքում:

3. Նշված գումարը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

4. Թաղման նպաստը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

(4-րդ կետը փոփ. 27.03.08 N 286-Ն)

II. ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

5. Թաղման նպաստ ստանալու համար հուղարկավորությունը կատարած անձը դիմումի հետ միասին տարածքային կենտրոն է ներկայացնում՝

ա) իր անձնագիրը.

բ) գործազուրկի մահվան վկայականը և դրա պատճենը.

գ) տեղեկանք՝ տրված առևտրային բանկի կողմից իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:

6. Տարածքային կենտրոնը գործազուրկի մահվան վկայականի բնօրինակի վրա դնում է կնիք, որի վրա կատարում է գրառում՝ «Թաղման նպաստը վճարված է»: Գործազուրկի մահվան վկայականի պատճենը մնում է տարածքային կենտրոնում, իսկ բնօրինակը և հուղարկավորությունը կատարած անձի անձնագիրը վերադարձվում է:

7. Տարածքային կենտրոնը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա լրացնում է թաղման նպաստի վճարման համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (այսուհետ՝ ֆինանսավորման հայտ-պահանջագիր), որը` կից գրությամբ, 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գործակալության պետին:

8. Գործակալությունը տարածքային կենտրոնից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն):

(8-րդ կետը փոփ. 27.03.08 N 286-Ն)

9. Ծառայությունը գործակալությունից ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) անվանմամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:

(9-րդ կետը փոփ. 27.03.08 N 286-Ն)

10. Աշխատակազմը սույն կարգի 9-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում աշխատակազմի անվանմամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվներին:

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձի` սույն կարգի 5-րդ կետում նշված բանկային հաշվի համարին:

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

12. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալություն է ներկայացնում թաղման նպաստի վճարման և ծախսված ֆինանսական միջոցների չափի մասին հաշվետվություն:

13. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և ծառայություն է ներկայացնում ամփոփ հաշվետվություն թաղման նպաստի ֆինանսավորման և փաստացի կատարված վճարումների մասին:

(13-րդ կետը փոփ. 27.03.08 N 286-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 27.03.08 N 286-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։