Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՎ ԳԴՀ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՈՒ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՈՒ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 8 մայիսի 1997 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Բարխուդարյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրն ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 21-ին` Երևանում: Պայմանագրի նպատակն է Կողմերի միջև համագործակցության զարգացումը, կապիտալ ներդրումների պաշտպանության և խրախուսման փոխադարձ բարենպաստ հավասար պայմանների ստեղծումը, այդ նպատակով անհրաժեշտ իրավական հիմքի ապահովումը:

Պայմանագրով Կողմերը պայմանավորվում են խրախուսել միմյանց քաղաքացիների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների կապիտալ ներդրումները, ապահովել այդ ներդրումների կառավարումն ու տնօրինումը, կիրառումն ու օգտագործումը, լիակատար պաշտպանվածությունն ու անվտանգությունը:

Ըստ դիմող Կողմի, պայմանագրի 4 հոդվածի «... բռնագրավման, պետականացման կամ ներգործությամբ բռնագրավմանը կամ պետականացմանը հավասարեցված այլ միջոցառումներ...» բառակապակցության փոխարեն պետք է ընդունել «օտարում» հասկացությունը:

Պայմանագրով Կողմերը երաշխավորում են կապիտալ ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխադրումը:

Պայմանագրում մանրամասնված է առաջացած տարաձայնությունների լուծման ընթացակարգը, իսկ կից արձանագրությամբ մեկնաբանված են առանձին հոդվածների դրույթները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև ստորագրված պայմանագիրը նպաստում է հայ-գերմանական միջպետական տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը, ապահովելով նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9 և 28 հոդվածների պահանջների կատարումը,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

սահմանադրական դատարանի

նախագահ Գ. Հարությունյան

8 մայիսի 1997 թվականի

ՍԴՈ-54

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։