Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 312.1-րդ հոդվածով.
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 312.1-րդ հոդվածով.
«Հոդված 312.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը
1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը` իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձ չհանդիսացողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրություն տալու շորթում, կամ եթե այդ անձը ապօրինի վարձատրություն տալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:»: