Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՎ ԵՎՐՈՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԵՎ ԵՎՐՈՀԱՄԱՅՆՔԻ (ՎԱՐԿԱՏՈՒ) ԵՎ ՀՀ (ՎԱՐԿԱՌՈՒ), ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ (ՎԱՐԿԱՌՈՒԻ ԳՈՐԾԱԿԱԼ) ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԵՎ ԵՎՐՈՀԱՄԱՅՆՔԻ (ՎԱՐԿԱՏՈՒ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՎԱՐԿԱՌՈՒ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ (ՎԱՐԿԱՌՈՒԻ ԳՈՐԾԱԿԱԼ) ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 19 դեկտեմբերի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոհամայնքի միջև 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրում և Եվրոհամայնքի (վարկատու) և Հայաստանի Հանրապետության (վարկառու), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (վարկառուի գործակալ) միջև 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ են հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումները:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 և 65 հոդվածների պահանջներով, սահմանադրական դատարանը որոշեց միավորել և դատարանի նույն նիստում քննել նշված երկու միջազգային պայմանագրերի վերաբերյալ գործերը:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Մուրադյանի բացատրությունը, հետազոտելով փոխըմբռնման հուշագիրը, համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քննության առարկա վարկային համաձայնագրով վարկատուն` Եվրոհամայնքը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 28 մլն էքյու ընդհանուր գումար կազմող վարկ:

Համաձայնագրով սահմանվում են վարկի զուտ հասույթը, վճարման գործընթացը և նախնական պայմանները, կարգավիճակը, վարկի դիմաց վճարվելիք տոկոսադրույքները և մարման կարգը: Վարկի մարումն սկսվելու է համապատասխան վճարման օրվանից տասը տարի հետո և ավարտվելու է տասնհինգերորդ տարում: Վարկի մարումն ուշացնելու դեպքում համաձայնագրով նախատեսվում է նաև տոկոսների վճարում: Հայաստանի Հանրապետությունը, որպես վարկառու, պարտավորվում է վճարել բոլոր այն հիմնավորված ծախսերը, որոնք կրում է վարկատուն` վարկի նախապատրաստման և տրամադրման գործընթացում: Համաձայնագիրը դրույթներ է պարունակում նաև էքյուի համարժեքների հաշվարկման, պարտազանցության և վարկի վաղաժամկետ մարման վերաբերյալ:

Համաձայնագրի հետ միաժամանակ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով սահմանվում են վարկի տրամադրման պայմանները: Համաձայն հուշագրի, որպես Եվրոհամայնքի բացառիկ ֆինանսական օգնության նախապայման` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ամբողջովին մարել Եվրոհամայնքի նկատմամբ իր ունեցած բոլոր ֆինանսական պարտավորությունները:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությանը Եվրոհամայնքի կողմից տրամադրվելիք բացառիկ ֆինանսական օգնությունը, բացի վարկային համաձայնագրով տրամադրվող վարկից, ներառում է նաև մինչև 30 մլն էքյու դրամաշնորհ: Վարկի միջոցների առհանումը կկատարվի մեկ մասնաբաժնով, իսկ դրամաշնորհը կտրամադրվի հինգ հաջորդական տարեկան մասնաբաժիններով: Մինչև դրամաշնորհի երկրորդ մասնաբաժնի հատկացումը, կուսումնասիրվի կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ Հայաստանում տեղի ունեցած առաջընթացը` հաշվի առնելով էներգետիկ սեկտորի ֆինանսական առողջացումը, սեփականաշնորհման գործընթացի հետագա բարելավումը, արժեթղթերի և կապիտալ շուկան կարգավորող օրենսդրական դաշտի ստեղծումը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է նաև երկրի տնտեսական և ֆինանսական վիճակի ուսումնասիրման նպատակով Եվրոհամայնքին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն: Հուշագրի մասը կազմող հավելվածում նշված են այն ցուցանիշները, որոնց մասին տրամադրվելու է անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոհամայնքի միջև 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Եվրոհամայնքի (վարկատու) և Հայաստանի Հանրապետության (վարկառու), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (վարկառուի գործակալ) միջև 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

սահմանադրական դատարանի

նախագահ Գ. Հարությունյան

19 դեկտեմբերի 1998 թվականի

ՍԴՈ-148

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։