Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 31 մարտի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված` Միջպետական լիզինգի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Կոնվենցիայի նպատակն է ԱՊՀ շրջանակներում միջպետական լիզինգի միջոցով զարգացնել ներդրումային քաղաքականությունը և նպաստել Կողմերի տնտեսական փոխշահավետ համագործակցության համաչափ ընդլայնմանը:

Միջպետական լիզինգի կարգավորումն ապահովելու նպատակով կոնվենցիայով սահմանված են լիզինգային գործունեության տեսակները, այն իրականացնող սուբյեկտները և նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև լիզինգային գործունեության սկզբունքները:

Կոնվենցիայի մի շարք հոդվածներով Կողմերը հիմնականում պարտավորվել են.

- ազգային օրենսդրությանը համապատասխան հսկողություն իրականացնել լիզինգային գործունեության նկատմամբ.

- չսահմանափակել լիզինգային գործունեության սուբյեկտների իրավունքները, եթե դա պայմանավորված չէ ազգային օրենսդրության կիրառման անհրաժեշտությամբ,

- լիզինգային գործունեության սուբյեկտներին տրամադրել ազգային օրենսդրությամբ նախատեսված արտոնություններ, ինչպես նաև ապահովել այդ գործունեության անհրաժեշտ իրավական պաշտպանությունը,

- ազգային օրենսդրությանը համապատասխան ապահովել լիզինգի առարկաների անձեռնմխելիությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև լիզինգային գործունեության սուբյեկտների կրած վնասների փոխհատուցումը,

- երաշխավորել լիզինգային գործունեության արդյունքում օրինական միջոցներով ստացված եկամուտների և այլ գումարների անարգել փոխանցումը:

Կոնվենցիայով նախատեսված են նաև դրույթներ միջազգային իրավունքի այլ նորմերի կիրառման սկզբունքների, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու կարգի, գործողության ժամկետի, առաջացած վեճերի լուծման, կոնվենցիայում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության անունից կոնվենցիան ստորագրվել է հատուկ կարծիքով, որը վերաբերում է լիզինգային գործունեության սուբյեկտների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների կատարման կանոնակարգման խնդիրներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված` Միջպետական լիզինգի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

սահմանադրական դատարանի

նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյան

31 մարտի 2000 թվականի

ՍԴՈ-225

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։